Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունները հանդիպում են խնդրել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունները դիմել են ԱՄՆ պետքարտուղարությանը՝ խնդրելով «անմիջապես» կազմակերպել հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտարարել է Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոցֆելդտը։

Ինչպես նշել է նախարարը Facebook-ի իր էջում, հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում են քննարկել «ԱՄՆ-ի կարևոր հայտարարությունները Գրենլանդիայի վերաբերյալ»։ Նա նաև հայտնել է, որ մինչ օրս Ռուբիոյին «չի հաջողվել հանդիպել Գրենլանդիայի կառավարության հետ», չնայած այն հանգամանքին, որ Դանիան և Գրենլանդիան «2025 թվականի ընթացքում բազմիցս խնդրել են հանդիպում արտաքին գործերի նախարարների մակարդակով»։

Ավելի վաղ Սպիտակ տնից BBC-ին հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիային տիրանալու «մի շարք տարբերակներ», այդ թվում՝ ռազմական ուժի կիրառման հնարավորությունը։

Վերջին օրերին Թրամփը կրկին հայտարարել էր, որ Գրենլանդիան անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, ինչից հետո Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը զգուշացրել էր, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կարող է նշանակել ՆԱՏՕ-ի վերջը։

Գրենլանդիան հանդիսանում է Դանիայի կազմում գտնվող ինքնավար տարածք։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենը, ի լրումն ՆԱՏՕ-ի շրջանակում ունեցած դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության վերաբերյալ պայմանագիր։ Դրա համաձայն՝ Միացյալ Նահանգները պարտավորվել է պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից։