Հրապարակվել է ԱՄՆ նախագահի գլխավորած Խաղաղության խորհրդի կանոնադրության ամբողջական տեքստը

Հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած միջազգային մարմնի՝ Խաղաղության խորհրդի կանոնադրության ամբողջական տեքստը։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։

Կանոնադրությունը կցվել է տասնյակ համաշխարհային առաջնորդներին ուղարկված հրավերներին, որոնց առաջարկվել է միանալ պատերազմից հետո Գազայի կառավարումը վերահսկելու նպատակով ստեղծված Խաղաղության խորհրդին, որը նախագահելու է Թրամփը։ Միաժամանակ փաստաթղթում Գազան կոնկրետ չի հիշատակվում, ինչը, ըստ հրապարակման, վկայում է, որ ԱՄՆ-ն նախատեսում է խորհրդի ներգրավվածությունը նաև այլ միջազգային հակամարտությունների կարգավորման գործընթացներում։

Կանոնադրությունում նշվում է, որ երկարատև խաղաղությունը պահանջում է պրագմատիկ մոտեցում, ողջամիտ լուծումներ և քաջություն՝ հրաժարվելու այն մեխանիզմներից ու կառույցներից, որոնք հաճախ ձախողվել են։ Ընդգծվում է, որ միայն կայուն և արդյունքների վրա կենտրոնացած գործընկերությունը կարող է խաղաղություն ապահովել այն տարածքներում, որտեղ այն երկար ժամանակ անհասանելի է եղել։

Փաստաթղթի համաձայն՝ Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է խթանել կայունությունը, վերականգնել օրինական և վստահելի կառավարումը և ապահովել երկարատև խաղաղություն հակամարտությունից տուժած կամ վտանգի տակ գտնվող տարածաշրջաններում։

Խորհրդի անդամակցությունը սահմանափակվում է միայն նախագահի կողմից հրավիրված պետություններով և սկսվում է այն պահից, երբ տվյալ պետությունը համաձայնում է հետևել կանոնադրությանը։ Յուրաքանչյուր անդամ պետության անդամակցության ժամկետը սահմանվում է առավելագույնը երեք տարի՝ կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո, և կարող է երկարաձգվել նախագահի որոշմամբ։ Սակայն այս սահմանափակումը չի տարածվում այն պետությունների վրա, որոնք առաջին տարվա ընթացքում խորհրդին կհատկացնեն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար կանխիկ միջոցներ։

Կանոնադրությամբ նախատեսվում է, որ ցանկացած անդամ պետություն կարող է ցանկացած պահի դուրս գալ խորհրդից՝ նախագահին գրավոր ծանուցում ներկայացնելով։ Նշվում է նաև, որ խորհուրդը քվեարկում է իր օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ տարեկան բյուջեների, դուստր կազմակերպությունների ստեղծման, բարձրաստիճան գործադիրների նշանակման, ինչպես նաև միջազգային համաձայնագրերի հաստատման և խաղաղության կառուցման նոր նախաձեռնությունների վերաբերյալ։

Փաստաթղթով սահմանվում է, որ նախագահը պարտավոր է նշանակել իր իրավահաջորդին, իսկ Խաղաղության խորհուրդը կունենա Գործադիր խորհուրդ, որը կնշանակվի նախագահի կողմից և կկազմված լինի համաշխարհային ճանաչում ունեցող առաջնորդներից։

Ամբողջական կանոնադրությանը հնարավոր է ծանոթանալ համապատասխան հղմամբ։