ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին փոխհատուցում վճարել լրագրող Խադիջա Իսմայիլովային

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարտավորեցրել է Ադրբեջանին վճարել ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային 12 հազար եվրո փոխհատուցում՝ նրա նկատմամբ տարիներ առաջ հարուցված քրեական գործի համար։

Բացի այդ, դատարանը պարտադրել է փոխհատուցել ևս 4 հազար եվրո՝ փաստաբանական ծախսերի համար։

Այս մասին տեղեկացնում է OC Media-ն։

Իսմայիլովայի դեմ գործերը սկսվել են այն ժամանակ, երբ նա ղեկավարում էր «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոյի» ադրբեջանական ծառայությունը։

2014 թվականին նրա նախկին աշխատակիցներից մեկը նրան մեղադրել էր ինքնասպանության դրդելու մեջ, ինչի հիման վրա լրագրողը կալանավորվել էր։ Սակայն հետագայում այդ մեղադրանքը դատարանները կարճել էին։

2015 թվականին Իսմայիլովայի դեմ նոր մեղադրանքներ էին առաջադրվել՝ հարկերից խուսափելու և «ապօրինի ձեռնարկատիրության» հոդվածներով։

Մյուս մեղադրանքը վերաբերում էր նրան, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոն» Ադրբեջանում գործում էր առանց գործող հեռարձակման լիցենզիայի, իսկ Իսմայիլովան՝ առանց ԱԳՆ հավատարմագրումի, քանի որ կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում էր Պրահայում։

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի ամենահայտնի հետաքննող լրագրողներից է, որը տարիներ շարունակ բացահայտել է երկրի իշխանական վերնախավի, այդ թվում՝ նախագահական ընտանիքի հետ կապվող կոռուպցիոն սխեմաներ, օֆշորային ընկերություններ և ֆինանսական չարաշահումներ։ Նրա լրագրողական գործունեությունը բազմիցս դարձել է քաղաքական ճնշումների, հետապնդումների և քրեական գործերի պատճառ, ինչի արդյունքում նա երկար ժամանակ գտնվել է կալանքի տակ և ենթարկվել սահմանափակումների։

2014 թվականի դեկտեմբերին լրագրողը դատապարտվել էր 7.5 տարվա ազատազրկման, սակայն 2016-ին Գերագույն դատարանը պատիժը փոխարինել էր պայմանական ազատազրկմամբ, որը հետագայում կրճատվել էր մինչև 2 տարի 3 ամիս։