Մելանյա Թրամփի մասին ֆիլմը դժվար մեկնարկ ունի. Լոնդոնում պրեմիերային վաճառվել է ընդամենը մեկ տոմս. Deutsche Welle

Մելանյա Թրամփի մասին նկարահանված վավերագրական ֆիլմը, որի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 75 միլիոն դոլար, դուրս է եկել համաշխարհային կինովարձույթ, սակայն առաջին ցուցադրությունները ուղեկցվում են թույլ հետաքրքրությամբ։

Ինչպես գրում է Deutsche Welle-ն, Լոնդոնի կինոթատրոններից մեկում պրեմիերային վաճառվել է ընդամենը մեկ տոմս, իսկ ԱՄՆ-ում սոցիալական ցանցերի օգտատերերը հրապարակում են դատարկ դահլիճների լուսանկարներ։

Ֆիլմը պատմում է Մելանյա Թրամփի կյանքի շուրջ 20 օրվա մասին՝ մինչև Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն։ Վաշինգտոնում կայացած պրեմիերային ներկա են եղել նախագահը, կառավարության անդամներ և պահպանողական մեդիա շրջանակների ներկայացուցիչներ։ Մելանյա Թրամփը ֆիլմը բնութագրել է որպես «գեղեցիկ, հուզիչ և կինեմատոգրաֆիկ»։

Amazon MGM Studios-ը նախագծի համար վճարել է մոտ 40 մլն դոլար իրավունքների համար և ևս 35 մլն՝ մարքեթինգի ու տարածման վրա։ Ֆիլմը կինոթատրոններից հետո կդառնա Amazon Prime Video-ի բացառիկ բովանդակություն։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ առաջին շաբաթվա սպասվող հասույթը կարող է կազմել ընդամենը 1–5 մլն դոլար։ Փորձագետները նշում են, որ նման ծավալի գովազդային բյուջեն անսովոր է վավերագրական ժանրի համար։

Դոնալդ Թրամփը հունվարի 26-ին կոչ է արել ակտիվորեն գնել տոմսեր՝ պնդելով, որ դրանք «շատ արագ սպառվում են»։ Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքական ենթատեքստը՝ արդյոք Amazon-ի ներդրումը կարող է կապ ունենալ վարչակազմի հետ հարաբերությունների հետ, ինչը ընկերությունը հերքել է՝ հայտարարելով, որ որոշումը եղել է բացառապես բիզնես նպատակներով։