«Անգելինա դրեցինք անունը, որ լինի Արշամիս հրեշտակը»․ որդու զոհվելուց հետո Մանուկյանների տանը 3 ամիս է՝ հույս ու լույս է բերել Անգելինան

Մանուկյանների տանը 3 ամիս է՝ հույս ու լույս է բերել Անգելինան։ Արմինե Մանուկյանն ասում է՝ եթե երեխան տղա լիներ, անունն Արշամ կդնեին՝ 44-օրյա պատերազմում զոհված որդու անունով, բայց քանի որ աղջիկ է, Անգելինա են կոչել: «Որ լինի իմ բալի՝ Արշամի հրեշտակը»,- հուզմունքով ասում է մայրը։

44-օրյա պատերազմում կրտսեր որդուն կորցնելուց հետո Մանուկյանների համար կյանքը վերջացած էր թվում։ Շուրջ երկու տարի նրանց համար որևէ լուսավոր կետ չկար։ 48-ամյա Արմինեն ասում է՝ որդու զոհվելու ողբերգական բոթը ստանալու պահից աշխարհը շուռ էր եկել գլխին։

«Մեր համար կյանքը պրծել էր, չէինք պատկերացնում մեր կյանքը, մեր օրը»,- ասում է նա։

Հարազատները տեսնելով ծանր ապրումների ու ցավի մեջ գտնվող Մանուկյաններին՝ հորդորել են նորից երեխա ունենալ, որը նրանց կյանքին իմաստ կհաղորդի։ Արմինեն ասում է՝ սկզբում դեմ է եղել, չի ցանկացել, բայց երբ որդին ամուսնու երազին հայտնվել և հարցրել է՝ ինչու մայրը չի ուզում, որ ինքը վերածնվի, Արմինեն մտափոխվել է և մի քանի ամիս բուժումներ ստանալուց հետո իմացել, որ բալիկի է սպասում։

Նա ասում է․ «Արդեն զգում ենք՝ մեր կյանքը փոխվում ա, Անգելինայովս ապրում ենք, Արշամ բալիս երբեք չենք մոռանա, բայց չենք էլ կարող միշտ ողբալ, պատասխանատվություն ունեմ, որ Անգելինայիս պահեմ-մեծացնեմ»,- ասում է Արմինեն։

Որդու մասին պատմելիս Արմինեն և՛ հուզվում է, և՛ հպարտանում, ասում է՝ որդին շատ խելացի էր, ծառայության ժամանակ կրտսեր սերժանտի կոչում է ստացել, դարձել հրետանու հետախուզական ջոկի հրամանատար, 2020 թ. սեպտեմբերի 10-ին ուսումնական վարժանքների ժամանակ հրետանային հետախուզական չափագրման Հայաստանի ռեկորդ է սահմանել՝ 19 վայրկյանով գերազանցելով նախորդ ռեկորդը։ 

Պատերազմի օրերին էլ թեժ կետերում պայքարել է թշնամու դեմ։ 

Մայրը հուզմունքով հիշում է, որ սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվել էր, և ինքը դեռ չի իմացել, սիրտը տակնուվրա է եղել, ինքնազգացողությունը վատացել է, ավելի ուշ իմացել է, որ պատերազմ է։

Որդու զոհվելու օրը՝ սեպտեմբերի 29-ին, մայրը կրկին վատ է զգացել՝ չհասկանալով, թե ինչու։ Այնուհետև նկատել է բակում հավաքված բազմություն, շտապօգնության մեքենա, ինքն իրեն հարց է տվել՝ շտապօգնության մեքենա՞ն ինչու է այդտեղ։ Ավելի ուշ տանջող հարցերը ստացել են ցավոտ պատասխան։ 

«Զանգեցի մեծ որդուս, ասեցի՝ Վարշամ, մի լավ բան ասա իմ Արշամից, ասեց՝ մա՛մ ջան, ինձ էլ լավ բան չեն ասել, ես քեզ ի՞նչ ասեմ։ Գյուղում արդեն իմացել էին, որ որդուս հետ մի բան էն չի, մեկ էլ բակից լսեցի, որ ասեցին՝ Արշամը Մարտունիում է, էդ պահին ոնց որ աշխարհը շուռ գար վրես, էդ պահից պրծներ մեր կյանքը»,- հուզմունքով ծանր պահերն է վերհիշում Արմինեն։

Որդու զինակից ընկերներն ավելի ուշ ծնողներին պատմել են դեպքից որոշ մանրամասներ։ Արմինեն հիշում է․ «Սեպտեմբերի 29-ի լուսադեմին է դեպքը եղել Հոռաթաղում, իրա կամանդիրը, իրա ջոկից մի քանի հոգով դուրս են եկել։ ԱԹՍ-ն խփել ա կամանդիրին, կամանդիրն ընկել ա, իմ տղեն ոտից վիրավոր ա եղել, գնացել ա կամանդիրի մոտ օգնության, երկրորդ հարվածը որ խփել են, կպել ա իմ տղին»։

Հոկտեմբերի 1-ին ծննդավայրում՝ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում, տեղի է ունեցել Արշամ Մանուկյանի հուղարկավորությունը։ Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության և Արիության համար մեդալներով։

Մայրը պատմում է, որ Հոռաթաղում, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը, հուշաքար է կառուցվել զոհված տղաների անուններով։ Ամուսինը, հարազատները գնացել են՝ մասնակցելու հուշաքարի բացմանը: Ամուսինը խնդրել է, որ իրեն տանեն այն վայրերը, որտեղ տղան կռվել է:

«Ամուսնուս տարել են էնտեղ, որտեղ դեպքն է եղել, տեսել է՝ հողը կարմիր է, իմ բալի արյան հետքերն էին մնացել։ Ամուսինս հավաքել է էդ հողը, բերել, ասում էր՝ ոչ ոք իմ բալի արյան վրա ոտք չդնի։ Տարավ-լցրեց տղուս շիրիմի վրա»,- ասում է ու կրկին հուզվում Արմինեն։

Խելացի, համեստ, զուսպ, բարի՝ այսպես է որդու մասին պատմում մայրը։ Ասում է՝ տղան օգնում էր բոլորին՝ հարևաններին, ընկերներին։ Շատ սիրում էր կենդանիներ ու պահում էր։

«Սիրում էր շատ կենդանիներ պահել, շուն ուներ, կատու, նապաստակ, բադեր էր գնել, բադերի համար դրսում լողավազան էր սարքել, նայում էր, ուրախանում էր։ Մի անգամ էլ ասեց՝ ինձ ծնունդիս նվեր առեք՝ ինկուբատոր, լորի ձվեր դրեց, լորի ճտեր դուրս եկան, էնքան էր ուրախացել, էնքան էր սիրում, նենց էր խնամում»,- թախիծի միջից ժպտալով ասում է մայրը։

Արշամը մեծ նպատակներ ու երազանքներ է ունեցել։ Մինչ բանակ գնալը սովորել է Երևանի Հայաստանում ֆրանսիական քոլեջում հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ։ Որոշել էր բանակից վերադառնալուց հետո բարձրագույն կրթություն ստանալ, բանկային ոլորտում աշխատել։ Մայր ասում է՝ որդին հաճախ էր ասում, որ ուզում է բանկի կառավարիչ դառնալ։

«Ասում էր՝ մի հատ էլ բիզնես կդնեմ մեր գյուղում, սիրում էր Հայաստանը, հայրենիքը, ասում էր՝ անպայման ստեղ պետք ա ապրեմ, դուրս չեմ գնալու, ասում էր՝ ինչ էլ անեմ, պետք է հայրենիքիս մեջ անեմ… Բայց բալես չկարողացավ, չհասցրեց պատերազմի պատճառով»,- կսկիծով ասում է որդեկորույս մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am