Ո՞վ է Ուշա Վենսը՝ ԱՄՆ փոխնախագահի կինը

Փետրվարի 9–10-ը Հայաստան պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ուղեկցում է կինը՝ ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսը։

Ուշա Վենսը (օրիորդական ազգանունը՝ Չիլուկուրի) 39 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան։ Նա ծնվել է Կալիֆորնիայի Սան Դիեգոյում՝ հնդկական ծագում ունեցող ընտանիքում։ Նրա հայրը՝ Ռադհակրիշնա Չիլուկուրին, մեխանիկական ինժեներ է, մայրը՝ Լակշմի Չիլուկուրին՝ մոլեկուլային կենսաբան։ Ծնողները ներգաղթել են Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգից և զբաղվել են գիտական գործունեությամբ։

Ուշան ավարտել է Յելի համալսարանը՝ պատմության բաժինը, ապա ուսումը շարունակել է Քեմբրիջի համալսարանում։ Հետագայում ավարտել է նաև Յելի իրավաբանական դպրոցը, որտեղ էլ 2010 թվականին ծանոթացել է ապագա ամուսնուն։

Նա աշխատել է ԱՄՆ Գերագույն դատարանում՝ գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսի օգնական։ Իրավաբանական ոլորտում սա ամենահեղինակավոր պաշտոններից է։

Ուշա Վենսը հայտնի է իր զուսպ, չափավոր և ոչ ցուցադրական կերպարով։ Նա հաճախ ներկայացվում է որպես կարգապահ ու հավասարակշռված անհատականություն։

Վենսի քաղաքական վերելքի ընթացքում Ուշան համարվում է նրա մտավոր հենարաններից մեկը։ Համակուրսեցիների և ընկերների խոսքով՝ նա մշտապես եղել է ամուսնու խորհրդատու և քննարկումների հիմնական գործընկեր՝ հատկապես գաղափարական և ռազմավարական հարցերում։

Զույգն ամուսնացել է 2014 թվականին և ունի չորս զավակ։