Իրանի դեմ հարձակումը սկսեց, և Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի սցենարների

Իրանի դեմ հարձակումը սկսեց, և Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի սցենարների։ Եթե հարձակումը էական վնաս հասցնի Իրանի պետական կառույցներին և երկրում բերի անկառավարելի վիճակ, տարբեր համակարգերի փլուզման, որն էլ իր հերթին կբերի Իրանից հեռացողների մեծ հոսքի, ապա Հայաստանը պետք է պատրաստ լինի․


-Ունենալ պարսկերեն խոսող սոցիալական աշխատողների մեծ խմբեր, որոնք սահմանին կփորձեն խմբավորել Հայաստան եկող իրանցիներին,
-Հայաստան մուտք գործողների մասին ստանալ հնարավորս շատ տեղեկություն՝ մասնագիտական ունակությունների, տեղական առանձնահատկությունների, լեզուների իմացության, դավանաբանական պատկանելիության և այլն՝ նրանց հնարավորինս արագ հյուրընկալելու և/կամ ինտեգրելու համար։


-Գնահատել Հայաստան մուտք գործողների տրամադրությունները․ մարդիկ, որոնք ժամանակավոր ապաստան են գտնում, մինչև կյանքը տանելի դառնա Իրանում, մարդիկ որոնք Հայաստանը դիտում են որպես տարանցիկ երկիր, մարդիկ, որոնք մտադիր են Հայաստանում բնակվել մշտապես (այս շարքում իհարկե հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինի Իրանի հայ համայնքը)
-Մարզերում արագ իրականացնել ազատ բնակֆոնդի հաշվառում, ոչ բնակելի վիճակում գտնվող գույքի վերանորոգման/վերակառուցման ծրագիր իրականացնել,
-Սահմանել ներգաղթյալների առավելագույն թիվ, որը կարող է ընդունել Հայաստանը՝ ելնելով բնակֆոնդի, սոցիալական վիճակի և այլ բաղադրիչներից,
-Բանակցել պոտենցիալ դոնորների հետ՝ Իրանից ժամանողների մեծ թվի դեպքում Հայաստանին աջակցություն ցույց տալու համար,
-Ուսումնասիրել եկողների մասնագիտական ունակությունները՝ հայկական աշխատաշուկայում նրանց ներգրավելու համար։ Ունենալ հատուկ ֆոնդ՝ մարզերում ներդրողներին փոխառություններ/արտոնյալ վարկեր հատկացնելու համար՝ եկած մասնագիտական ներուժի հիման վրա ընդլայնվելու կամ նոր արտադրություններ/ծառայություններ հիմնելու համար։


-Քաղաքացիական պաշտպանության որոշ ծառայություններ (տրանսպորտի, նյութապահովության, առողջապահության և այլն) պետք է անցնեն օպերատիվ հերթապահության՝ թույլ չտալու անկազմակերպ գործընթաց։ Սյունիքի մարզի համապատասխան ծառայությունները պետք է ուժեղացվեն, համալրվեն։
-Գնահատել Իրանի հետ ժամանակավոր վիզային ռեժիմ մտցնելու անհրաժեշտությունը։