Կրեմլը հաստատում է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման փաստը

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը հաստատել է վաղը Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին բանակցությունների մասին տեղեկությունը։

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատանքային այցով Մոսկվա ժամանող Հայաստանի վարչապետի հետ նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը։

Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Այցի շրջանակում Մոսկվայում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։