«Եթե դրսի ջերմաստիճանը բարձր է մարդու օրգանիզմի ջերմաստիճանից, խնդիր է». ինչպես է շոգ եղանակն ազդում մարդու առողջության վրա

Վերջին օրերին օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով շտապօգնության կանչերի թիվը չի աճել: «Եղել է սովորականի նման, շոգ եղանակի հետ կապված որևէ կանչ կամ որևէ խնդիր չենք ունեցել»,- «Մեդիալաբին» ասում է Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Իսկ շտապօգնության կանչերի միջին թիվը օրական 600-700 է: Նայած օր՝ ասում է Ստեփանյանը:

Թեպետ կանչերի թիվը վերջին շոգ օրերին չի աճել, և ինչպես Թագուհի Ստեփանյանն է ասում, «արտառոց դեպք» չի գրանցվել, մասնագետ սրտաբաններն ասում են՝ շոգ եղանակը, բարձրացող ջերմաստիճանը հանգեցնում են արյան շրջանառության և շնչառության համակարգերի հիվանդություններով պայմանավորված մահացության աճին:

Սրտաբան Խաչիկ Համբարձումյանի խոսքով՝ ջերմաստիճանի տատանումները մարդու մեջ առաջացնում են ճնշման տատանումներ: «Եղանակի տատանումները անուղղակի կերպով կապված են սրտային հիվանդացության հետ: Հիմա ավելի շատ ճնշման տատանումներ են գրանցվում մարդկանց մոտ: Այդ տատանումները հանգեցնում են սրտի սնուցման բարձրացման, որի հետևանքով տեղի են ունենում սրտային գրոհներ՝ ցավեր, ինֆարկտներ»,- «Մեդիալաբին» ասում է Համբարձումյանը:

Սրտաբան Համլետ Հայրապետյանի խոսքով՝ շոգը հատկապես վտանգավոր է 65 տարեկանից բարձր անձանց համար: «Նրանց մոտ ճնշման անկման, կոլապսի ռիսկերը շոգ եղանակին, հատկապես՝ արևի տակ գտնվելու ժամանակ շատ ավելի բարձր են»,- ընդգծում է մասնագետը:

Նկատենք՝ վերջին մի քանի օրերին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատյան դաշտում ու Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հասել է մինչև 41 աստիճանի:

Երբ օդի ջերմաստիճանը բարձր է ու շոգ, Հայրապետյանն ասում է՝ սիրտանոթային խնդիր ունեցող մարդկանց մոտ անոթները լայնանում են: Առաջին քայլը, որ պետք է նրանք անեն, հակաճնշումային դեղորայքի փոփոխությունն է: «Նրանց մոտ կարող են լինել ճնշման անկումներ, գիտակցության մթագնում: Երբ օդի ջերմաստիճանը բարձր է լինում, մարդու օրգանիզմում նյութափոխանակությունը բավական փոխվում է, սրտի անոթները լայնանում են, ինչն առաջացնում է տարբեր բարդություններ: Ամեն դեպքում միշտ պետք է հաշվի առնել՝ եթե դրսի ջերմաստիճանը օրգանիզմի ջերմաստիճանից բարձրանում է, հատկապես այն հիվանդների մոտ, որոնք դեղորայք են ստանում, ռիսկային է, պետք է անհապաղ դիմել բժշկի ու փոխել դեղորքայքի ցանկը»,- ասում է սրտաբան Համլետ Հայրապետյանը:

Սրտի անոթային կամ իշեմիկ հիվանդությունները, Հայրապետյանի խոսքով, բավական երիտասարդացել են, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախ, ըստ նրա, ի տարբերություն 20 տարի առաջվա փորձի, հիմա ախտորոշումը շատ ավելի լավ ու արագ է կատարվում՝ ժամանակակից տեխնոլոգիաների, տարբեր գործիքների միջոցով: Բացի այդ, բնակչությունը համեմատաբար գիտակցում է իր առողջական խնդիրների մասին և այդ հարցերում դարձել է գրագետ:

Բայց սրտի իշեմիկ հիվանդությունների վաղ դրսևորմանը նպաստող պայմանները նույնն են՝ սթրեսային կենսակերպը, ծխախոտամոլությունը, սնունդը:

«Մեր երկրում երիտասարդ տարիքում ծխախոտամոլությունը բավական տարածված է, որը բերում է իշեմիկ հիվանդության վաղ զարգացման: Ինչ վերաբերում է սննդին, մեզանում նշանակություն չեն տալիս մթերքի սննդային արժեքին, դրա պարունակությանը, ի հետևանք՝ ինչքան հնարավոր է բարձրացնում են խոլեստերինը: Սիրտանոթային հիվանդության վաղ զարգացման մյուս կարևոր հանգամանքը սթրեսային կյանքն է. ի, վերջո մենք շատ պատերազմ տեսած ազգ ենք»,- ասում է Համլետ Հայրապետյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am