Մեծ Բրիտանիայի վարչապետը և ԱՄՆ նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի բացման հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման հարցը։ Այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը՝ նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սթարմերի՝ Կատար կատարած այցի ընթացքում։

Ըստ հաղորդագրության՝ Սթարմերը ներկայացրել է Պարսից ծոցի երկրների և ռազմական շրջանակների հետ իր քննարկումները՝ ընդգծելով նեղուցով ազատ նավագնացության վերականգնման կարևորությունը։ Նա նաև նշել է, որ Մեծ Բրիտանիան փորձում է համախմբել գործընկերներին և համաձայնության գալ նեղուցի բացման իրագործելի ծրագրի շուրջ։

Դաունինգ սթրիթի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնել են, որ հրադադարի հաստատումից և նեղուցի բացման վերաբերյալ նախնական պայմանավորվածությունից հետո գործընթացը մտնում է գործնական լուծումների փուլ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին, որի ընթացքում նախատեսվում են բանակցություններ Պակիստանում՝ հնարավոր խաղաղության համաձայնագրի շուրջ։