ԱՄՆ-ի շրջափակման հետևանքները կարող են զգալ Իրանի հարևանները. OEC

ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 13-ին, հավանաբար լուրջ դժվարություններ կստեղծի Իրանի համար՝ իր ապրանքները համաշխարհային շուկա արտահանելու հարցում։ Բացի այդ, շրջափակման հետևանքները կազդեն նաև Իրանի հարևան երկրների վրա, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Տնտեսական բարդության դիտորդական կազմակերպության (OEC – Observatory of Economic Complexity) տվյալները։

Ըստ հրապարակման՝ շրջափակումը բացասական ազդեցություն կունենա իրանական ապրանքների հիմնական գնորդների վրա։ Դրանց թվում են Չինաստանը, Թուրքիան, Հնդկաստանը և Պակիստանը, որոնք միասին 2023 թվականին Իրանից ներմուծել են միլիարդավոր դոլարների ապրանքներ։

Դիտորդական կազմակերպության տվյալներով՝ 2024 թվականին Իրանի հիմնական արտահանվող ապրանքներն են եղել էթիլենային պոլիմերները և երկաթի հանքաքարը, ինչպես նաև ացիկլիկ ալկոհոլների ածանցյալներն ու նավթագազը։

Հրապարակման մեջ առանձին նշվում են նաև Հայաստանը և Ադրբեջանը՝ որպես 2024 թվականին իրանական ապրանքների խոշոր ներմուծողներ։