ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը ապրիլի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավոր սցենարներ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Սա ցույց է տալիս, որ Թրամփը լրջորեն քննարկում է լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը՝ կամ բանակցություններում առկա փակուղուց դուրս գալու, կամ պատերազմի ավարտից առաջ վերջնական հարված հասցնելու նպատակով», – նշում է լրատվամիջոցը։
Axios-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Պենտագոնը մշակել է Իրանի դեմ «կարճ և հզոր» հարվածների ալիք իրականացնելու ծրագիր՝ ակնկալելով, որ դրա արդյունքում հնարավոր կլինի բանակցային գործընթացը դուրս բերել փակուղուց։ Լրատվամիջոցը նշում է, որ մի շարք հարձակումներից հետո Վաշինգտոնը հույս ունի ճնշում գործադրել Իրանի ղեկավարության վրա՝ նրան վերադարձնելով բանակցությունների սեղանի շուրջ և ստիպելով ցուցաբերել ավելի մեծ ճկունություն։
Ռազմական գործողությունների վերսկսման մեկ այլ սցենարով նախատեսվում է «գրավել Հորմուզի նեղուցի մի մասը»՝ ապահովելու համար ջրային ճանապարհի բաց լինելը առևտրային նավագնացության համար։ Ինչպես ընդգծում է Axios-ը, նման գործողությունը կարող է ներառել նաև ցամաքային ուժերի կիրառում։
Մեկ այլ տարբերակ է հատուկ նշանակության ուժերի օգտագործումը՝ Իրանի բարձր հարստացված միջուկային վառելիքի պաշարները բռնագրավելու նպատակով։
Պորտալի աղբյուրների համաձայն՝ նախագահական ճեպազրույցին ներկա կլինի նաև ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։



















