«Եթե թպրտա, կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին». Նիկոլ Փաշինյանը՝ Վարդան Ղուկասյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ այն պատգամավորներին, ովքեր պաշտպանում են քրեական հեղինակություններին ու դեմ արտահայտում ՀՀ կառավարության՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի գործողություններին:

Այսօր, հիշենենք, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ օրենքով գողերը շատ խելոք մարդիկ են՝ քննադատելով կառավարության քաղաքականությունը:

«Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու և որոնք մտածում են, որ այս օրենքի հետ կապված կարող են  միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ, հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկացնենք ասֆալտին: Հանկարծ մտքներով չանցնի, կպառկացնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով:  Որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ, ասենք, հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել ա, հիմա մտածի, թե կարա թպրտա: Թող ականջներին օղ անեն, իսկ եթե օղ չեն անի, այդ տեսարանները կտեսնենք»,- ասաց Փաշինյանը: