Երևանի քաղաքապետ, իշխող ՔՊԿ նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել։ Լուրը հայտնել է Radar Armenia-ն։ Արդյո՞ք նախընտրական շրջանում պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանի քայլն օրենքի խախտում չէ։ Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 221-ի համաձայն ընտրական շրջանում բարեգործություն իրականացնելն արգելվում է։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավ իրականցնող Ավինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան վերահաստատեց, որ երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել և պարզաբանեց, թե ինչու հենց այս փուլում։
«Խոսքը մանկատան մեր սանի մասին է, որին այցելել եմ մեկ ու կես տարի առաջ, համապատասխան ֆինանսավորում էինք փոխանցել մանկատանը, որ տեսախցիկը գնվեր, բայց չէր գնվել։ Մենք նորից գնում ենք արել և նախընտրական քարոզարշավի հետ կապ չունի»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Մեր դիտարկմանը, որ նախընտրական փուլում է նվերը տեղ հասել, Ավինյանն արձագանքեց․«Ինքը մի բան է ստացել, որը չէր ստացել մեկ տարի առաջ»։ Հարցին՝ նախընտրական փուլում նվեր տալը խնդրահարույց չի համարո՞ւմ, Ավինյանը բացասական պատասխան տվեց։ «Չեմ կարծում, որ խնդրահարույց է, եթե խոսքը մի բանի մասին է, որը մեկ ու կես տարի առաջ պետք է տեղի ունենար։ Մենք դեռ պետք է ներողություն խնդրենք, որ պատշաճ չի արվել»,-ասաց Աինյանը։



















