Սերժ Սարգսյանը չպատասխանեց յոթ շրջաններ հանձնելու մասին հարցին. Տեսանյութ․ Factor.am

Այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի օրը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Եռաբլուր պանթեոն այցելեցին նաև Հանրապետական կուսակցության անդամները։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չպատասխանեց յոթ շրջաններ հանձնելու մասին հարցին։ «Կարո՞ղ ենք պայմանավորվել՝ գնանք մենք մեր պարտքը կատարենք, մեր հարգանքի տուրքը մատուցենք, հետո դուք ձեր գործը կանեք»,- ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով  Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի թողած ժառանգության մասին, ասել էր. «Եկեք նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում։ Վերջերս լրատվականներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը, որ կետում է թողել բանակցությունները։ Ու նախորդ իշխանությունների կողմից դրա վերաբերյալ հերքում չեղավ։

Սերժ Սարգսյանը Ղարաբաղի վերաբերյալ ի՞նչ է թողել. Պարբերություն առաջին՝ 7 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Զանգելանի, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը՝ Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է ԼՂՀ-ն Հայաստանին կապող միջանցք»: Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։