«Ավագանին ամբողջությամբ հանձնեք ՀՀԿ-ին և Տարոն Մարգարյանին». Ալեն Սիմոնյանը կոչ է անում «քաղաքական և իրավական կոլապս առաջացնել»

«Ավագանին ամբողջությամբ հանձնեք ՀՀԿ-ին և Տարոն Մարգարյանին». Ալեն Սիմոնյանը կոչ է անում «քաղաքական և իրավական կոլապս առաջացնել»
«Ավագանին ամբողջությամբ հանձնեք ՀՀԿ-ին և Տարոն Մարգարյանին». Ալեն Սիմոնյանը կոչ է անում «քաղաքական և իրավական կոլապս առաջացնել»

Երեւանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ալեն Սիմոնյանը բաց նամակ է հղել դաշինքին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` կոչ անելով հրաժարվել ավագանու տեղերից: 

Հիշեցնենք, որ երեկ կայացած ավագանու ընտրություններում, ըստ պաշտոնական նախնական տվյալների,  ձայների  55,86  տոկոսով հաղթանակ է տարել իշխող ՀՀԿ-ն, ինչը նշանակում է, որ  կուսակցության համամասնական ցուցակը գլավորող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկին կզբաղեցնի այդ պաշտոնը:

ԿԸՀ տվյալների համաձայն, ՀՀԿ-ին ստացած ձայներով հաջորդում է ԲՀԿ-ն, երրորդը «Բարև Երևան» դաշինքն է: Նվազագույն շեմը չհաղթահարած ՕԵԿ-ը, ընդդիմադիր ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն տեղ չեն ունենա քաղաքի իշխանություններում:

Ընտրությունների ողջ օրվա ընթացքում, թեեւ բազմաթիվ ահազանգեր էին հնչում ընտրախախտումների, ճնշումների, հարկադրանքի եւ ընտրակաշառքի եւ այլնի վերաբերյալ, այնուամենայնիվ շատերը` հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը,  թերահավատ են, թե խախտումների բարձրաձայնում եւ ահազանգերը ինչ որ բան կարող են փոխել:

Ուստի Ալեն Սիմոնյանը բաց նամակով դիմելով դաշինքին եւ ԲՀԿ-ին, որոնք ՀՀԿ-ի հետ ձեւավորելու են քաղաքային ավագանին, կոչ է անում նմամ կերպ բոյկոտի գնալ:

«Հարգելիներս, դիմելով Ձեզ, որպես ՀՀ քաղաքացի, որպես ընկեր և գործընկեր խնդրում և պահանջում եմ Ձեզնից ամբողջ կազմով հրաժարվել ավագանու տեղերից և ավագանին ամբողջությամբ հանձնել ՀՀԿ-ին և Տարոն Մարգարյանին: Դրանով քաղաքական և իրավական կոլապս առաջացնել նոր գնված և զոռբայաստեղծ ավագանիում: ՀՀ հպարտ քաղաքացի, Բարև Երևան» դաշինքի ավագանու թեկնածու` Ալեն Սիմոնյան»,-գրում է դաշինքի  12-րդ համարը զբաղեցնող Սիմոնյանը:

Բաց նամակը թե դաշինքի, եւ թե ԲՀԿ կողմից դեռեւս արձագանքներ չի ստացել:

Լուսանկարում` Ալեն Սիմոնյանը-aravot.am

© Medialab.am