Սպիտակում 17-ամյա երիտասարդը սպանվել է կնոջը նայելու պատճառով ծագած վիճաբանության հետևանքով

Մարտի 18-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի առաջնային պատի ծակած վերք՝ սրտի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա երիտասարդի դիակը։

Ոստիկանության փոխանցմամբ, «Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 20-ամյա և 22-ամյա եղբայրներն ու նրանց հորաքրոջ 20-ամյա որդին անձնական հարցերի շուրջ վիճաբանել են համաքաղաքացի 17-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 17-ամյա երիտասարդի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա մահացել է»։

Հանցագործությունը բացահայտվել է րոպեների ընթացքում. «Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում երեք երիտասարդները հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամը 15:35-ին ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին»։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է, իսկ դեպքի պատճառը, ըստ ոստիկանության, եղել է 17-ամյա երիտասարդի կողմից 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելը։