Արտոնյալ գինը, որով Հայաստանը գազ է ստանում, օգնություն է Ռուսաստանի կողմից․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հարցին, թե արդյոք Մոսկվան կարող է միակողմանիորեն վերանայել Հայաստանի հետ գազի արտոնյալ մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունները՝ հաշվի առնելով Երևանի եվրաինտեգրման քաղաքականությունը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պեսկովը նշել է, որ այդ հարցը պետք է ուղղել «Գազպրոմ»-ին, քանի որ Հայաստանի հետ գազային համաձայնագրերը կոմերցիոն բնույթ ունեն։

«Այդ հարցը պետք է տալ «Գազպրոմ»-ին։ Ինձ որևէ բան հայտնի չէ հնարավոր չեղարկման մասին։ Հայաստանի հետ «Գազպրոմ»-ի համաձայնագրերը կոմերցիոն են։ Այնտեղ գործում է արտոնյալ գին, որը կարող է բարձրանալ կամ նվազել, վերանայվել, և կորպորացիաները կարող են նման հարց բարձրացնել»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը հավելել է, որ Հայաստանի համար գործող արտոնյալ գինը Ռուսաստանի աջակցությունն է։

«Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Այն արտոնությունը, որը ստանում է Հայաստանը, Ռուսաստանի հաշվին է։ Դա մեր ներդրումն է Հայաստանի զարգացման մեջ»,- նշել է նա։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես եղբայրական երկիր, և այդ աջակցությունը պայմանավորված է հենց այդ հարաբերություններով։

«Հայ ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է։ Հայաստանը եղել և մնում է եղբայրական երկիր, սակայն պետք է իրերն իրենց անուններով կոչել․ դա Ռուսաստանի օգնությունն է Հայաստանին»,- ասել է Դմիտրի Պեսկովը։