Մոլդովան կմիանա՞ Ռումինիային․ Դոյչե Վելլե-ն՝ ակտիվացած քննարկումների մասին

Մոլդովայի և Ռումինիայի վերամիավորման շուրջ քննարկումները նոր թափ են ստացել։ Դոյչե Վելլե -ն (DW) գրում է, որ երկու երկրները պատմականորեն սերտորեն կապված են, իսկ պետական լեզուն երկուսում էլ ռումիներենն է։ Ըստ DW-ի՝ Մոլդովայում քաղաքացիների մոտ 42 տոկոսը աջակցում է վերամիավորման գաղափարին։

Թեման կրկին ակտիվացել է այն բանից հետո, երբ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ եթե վերամիավորման հանրաքվե անցկացվի, ինքը կքվեարկի Ռումինիայի հետ միավորման օգտին։ Միաժամանակ Սանդուն ընդգծել է, որ այսօր ավելի իրատեսական ճանապարհ է համարում Մոլդովայի ինտեգրումը Եվրամիությանը։

DW-ն նշում է, որ Ռումինիայի և Մոլդովայի միավորման գաղափարը նոր չէ, սակայն այն շարունակում է մնալ քաղաքականապես զգայուն հարց․ Մոլդովայի հասարակության մի մասը աջակցում է վերամիավորմանը, մյուս մասը կողմ է անկախ պետականության պահպանմանը և ԵՄ-ին ինտեգրմանը։

Քննարկման ֆոնին Բուխարեստում էլ զգուշավոր են արձագանքում․ Ռումինիայում հասկանում են, որ նման որոշումը կարող է կայացվել միայն Մոլդովայի քաղաքացիների կամքով։