ԲՀԿ-ն ու «Ուժեղ Հայաստանը» ահազանգում են ժամը 20:00-ից հետո զինվորների քվեարկության մասին

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հայտարարում են, որ քվեարկության ավարտից հետո՝ ժամը 20:00-ից անց, զինվորներ են տարվել ընտրատեղամասեր։ Կուսակցության տարբեր ներկայացուցիչներ տեղամասերից ուղիղ տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է ժամը, քվեարկության մասնակից զինվորները:

Պաշտպանության նախարարությունն այս ահազանգի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չի տվել։

Ավելի ուշ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ասուլիսի ընթացքում պարզաբանել է, որ զինվորականները ընտրատեղամաս են մտել մինչև ժամը 20:00-ն՝ տեղամասի փակվելը։ Նրա խոսքով՝ քանի որ նրանք արդեն ներսում էին, Ընտրական օրենսգրքով իրավունք ունեին շարունակել քվեարկել։

«Հակառակ դեպքում, եթե իրենց տեղամասից հանեին, կստացվեր, որ մեր զինվորներին զրկում են ընտրական իրավունքից, այսինքն՝ թույլ չեն տալիս քվեարկել»,-լրագրողներին ասել է Հովակիմյանը: