Իրավապաշտպանն ահազանգում է. «Կատարակտով, սրտի առիթմիայով, մտավոր հետամնացությամբ երեխաներին զորակոչել են բանակ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Տիկի՛ն Ալեքսանյան, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էիք արել, որ բազմաթիվ ծնողներ են ահազանգում հիվանդ տղաներին բանակ զորակոչելու մասին։ Ի՞նչ վիճակագրություն է ձեզ հայտնի։

– Վերջին մի քանի օրերին մեզ է զանգել արդեն չորրորդ ծնողը, նրանք բողոքում են, որ, օրինակ՝ կատարակտով, սրտի առիթմիայով, մտավոր հետամնացությամբ իրենց երեխաներին զորակոչել են բանակ։ Մի կին զանգահարել և ասում էր, որ որդին ունի սրտի հետ կապված խնդիրներ և արդեն երկու զորակոչ՝ բժշկական փաստաթղթերով ազատվել է ծառայությունից, հետաձգել են։ Իսկ այս անգամ շատ կոպիտ ձևով ասել են՝ մենք չգիտենք, թե այդ բժշկական փաստաթուղթը ոնց ես ձեռք բերել, ինչ միջոցներով։ Բռնել, գիծ են քաշել վրան և ասել, որ տղան պետք է գնա ծառայի։ Բոլոր ծնողները բողոքում էին նաև կոպիտ վերաբերմունքից, որ անգամ չեն լսել, բերված փաստաթղթերն էլ նորմալ չեն նայել։ Համենայնդեպս, ինձ այդպես էին բողոքում ծնողները, մենք դեռ նրանց փաստաթղթերը չենք տեսել։

Ես մտածում եմ, որ շարունակվում է նույն ոճով աշխատանքը, ինչպես աշխատել է ՊՆ-ն զինակոչիկների հետ, էլի հիվանդներին զորակոչում են բանակ։ Ոչ մի դրական փոփոխություն՝ զորակոչի հետ կապված չկա։

– Վերջերս զորակոչի հետ կապված հիվանդությունների ցանկում փոփոխություններ կատարվեցին։ Դա չմեղմե՞ց իրավիճակը։

– Փոփոխություններ մշտապես լինում են, ես, ճիշտն ասած, մանրամասներին տեղյակ չեմ, պետք է փաստաբանն ասի, ուղղակի այսպիսի շատ զանգեր մենք չէինք ստացել նախկինում, ինչ ստանում ենք վերջին օրերին։ Շատ զանգեր ստացանք, որ զորակոչում են հիվանդ երեխաների։ Ու այդ մարդիկ փաստաթղթերը ձեռքներին են։ Նույն անտարբերությունն է։ Գիտեք, որ վերջերս զորամասում զինվոր էր մահացել հիվանդությունից, հենց զորամասում, ոչ թե հոսպիտալում։ Հետևաբար, կարելի է հստակ ասել, որ այդ ահազանգերը ճշմարտությանը շատ մոտ են, դրա համար որոշեցի ահազանգել, որ նորից հիվանդ երիտասարդների զորակոչում են բանակ։

– Նախորդ տարի՞ էլ են նման ահազանգեր եղել։

– Մենք միշտ էլ ստացել ենք ահազանգեր, բայց այս օրերին բավական շատ էին, որովհետև կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի վերջնական որոշումներն են եղել։ Երբեք այսքան շատ զանգեր չէինք ստացել։ Օրինակ՝ կանանցից մեկն ասում էր, որ ամբողջ շրջանը, գյուղերը ոտքի են հանելու, գալու են կառավարության շենքի մոտ բողոքեն, որովհետև իր տղան հիվանդ է։ Նրան ասել են, որ տանելու են, մինչդեռ նախկինում ամեն անգամ հետաձգել են զորակոչելը։

– Այսինքն՝ այս համակարգում ոչինչ չի՞ փոխվել թե՛ մոտեցման, թե՛ վերաբերմունքի առումով։

– Ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում, բացի նրանից, որ վարչապետն ասում է, որ սնունդն են փոխել։ Ինչպես տեսնում ենք, երեկ էլի զորամասում իրար վրա կրակոցներ են եղել, վիրավոր զինվորներ կան, ընդ որում՝ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Կրակոցների, վիրավորների դեպքերի հաճախականությունը ևս ցույց է տալիս, որ ոչինչ չի փոխվել։

Մանե Հարությունյան
MediaLab.am