Արցախի նախագահն իր այս քաղաքական հեզությամբ Արցախն ուղղակի կործանման է տանում. Մետաքսե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 

– Տիկի՛ն Հակոբյան, Արցախի Հանրապետության նախագահը ԱԽ նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը հստակ պահանջ է դրել Արցախն իրենց ինտեգրելու, ինչին իրենք դեմ են, բայց նաև շեշտեց հետևյալը․

«Եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն»: Հարությունյանի այս միտքն ինչպե՞ս եք գնահատում։

– Նրա ելույթի ձեր հիշատակած հատվածն անընդունելի է մեզ համար, շատ վտանգավոր է, երբ երկրի նախագահը նման հայտարարություն է անում, որովհետև Արցախի մայր օրենքի 94-րդ հոդվածով հստակ սահմանված է նախագահի լիազորություններն անվտանգային բնագավառում, ու առավել քան հստակ ձևակերպված է, որ հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։ Ըստ էության, նա իր այդ հայտարարությամբ հերթական անգամ վտանգեց Արցախը, ու դրանից հետո պետք է իր հրաժարականը լիներ։ 

Հատկանշական է, որ Արցախում որևէ մեկն Ադրբեջանին ինտեգրվելու միտք չունի, ոչ ոք չի պատկերացնում ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելը, որովհետև դրա անհնարինության մասին ամեն օր փաստում է հենց Ադրբեջանը։ Խոսել ինտեգրման մասին, այն էլ՝ նախագահի մակարդակով, վտանգավոր է ու անթույլատրելի։ Արցախի նախագահն անընդհատ խոսում է պայքարի մասին, բայց անում դրա լրիվ հակառակը, նա իր այս քաղաքական հեզությամբ Արցախն ուղղակի կործանման է տանում։

– Ասում եք, որ Արցախում չկա մեկը, որ մտածի, թե կարելի է Ադրբեջանին ինտեգրվել, եթե Արայիկ Հարությունյանը հանրությունից նման ազդակներ չի ստացել, ապա ի՞նչ նպատակով է այդպիսի հայտարարություն անում։

– Չեմ կարող ասել, գուցե հնազանդության հերթական ցուցադրումն էր Հայաստանի իշխանություններին, բայց այդ նպատակից ելնելով միջազգային հանրությանը, մեր հայրենակիցներին սխալ ինֆորմացիա տալ Արցախի հայերի մասին անթույլատրելի է։ 

– Ճի՞շտ եմ ձեզ հասկանում, որ, չնայած հանրապետության նախագահի վստահեցումներին, թե իրենք մինչև վերջ պայքարելու են, այնուամենայնիվ, դուք այդքան էլ լիահույս չեք, որ գործող իշխանությունը գործում է ի շահ Արցախի։

– Գուցե հայտարարությունները, որոնք արվում են նրա կողմից, շատ գեղեցիկ են հնչում, բայց մենք տեսնում ենք արվածի հետևանքը, որոնցից մեկն էլ այն էր, որ այսօր մեր երեք քաջորդուն հուղարկավորեցինք, ներկայիս իշխանությունների պայքարի հետևանքն է դա։ Եթե սա է իրենց պայքարը, մեզ համար դա անթույլատրելի է։ 

– Տիկի՛ն Հակոբյան, Արցախում ներքաղաքական վիճակն ինչպե՞ս եք գնահատում, եթե նկատի ունենանք վերջին հայտարարությունները, որոնք հնչեցնում է Սամվել Բաբայանը։

– Նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել այլ գործիչների հայտարարությունները, որովհետև նրանց հայտարարություններում ավելի շատ վտանգ եմ տեսնում, ու ավելի լավ կլինի, որպեսզի իրենք որևէ հայտարարություն չանեն։ 

Ես կարևորում եմ այն, ինչ մենք ենք անում․ արդեն հայտարարել ենք, որ երեք ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ Արցախի կառույցի, «Արդարություն» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների ստորագրած հուշագրով միջկուսակցական համակարգող մարմին է ստեղծվել, որն արդեն լծվել է գործին՝ փորձելով և՛քաղաքական դաշտում, և՛ հանրության մեջ համակարգողի դեր տանել, խորհրդակցություններ է անցկացնում օրհասական թեմաներով՝ նույնիսկ առանձին անհատների հետ։ 

Յուրաքանչյուրս պետք է հստակեցնենք մեր դերն այս պայքարի մեջ, որովհետև Արցախն այսօր այնպիսի օրհասական վիճակում է գտնվում, որ թե՛ քաղաքական, թե՛ հանրային դաշտերը պետք է անեն հնարավորը, որպեսզի ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը գտնեն, հիմա այդ գործընթացի մեջ ենք, ու, կարծում եմ, այս պարագայում պտուղները շատ ավելի արագ ենք քաղելու։ 

Մարդիկ շատ սթափ են ու պատրաստ, ուղղակի դեռ պատրաստ չեն առանց կոնկրետ առաջնորդի ինչ-որ քայլերի գնալ, միակ խնդիրը սա է թերևս, որ հանրությունը դեռ չի սովորել համախմբվել գաղափարի շուրջ, բայց պետք է նշեմ, որ առաջնորդներն էլ են ձևավորվում, ինչն աստիճանաբար տեսանելի է դառնում։ 

Մենք պայքարելուց զատ ուրիշ տարբերակ չունենք, դրա այլընտրանքն ուղղակի ոչնչանալը կլինի, իսկ մենք պատրաստ չենք ոչնչանալու, սա կյանքի ու մահվան կռիվ է։ Ցավոք սրտի,մենք չունենք իշխանություն, որը կկարողանա իրավիճակից ելքեր գտնել, դրա համար էլ այսօր այս վիճակում ենք։

– Եթե իշխանության մասով հույսեր չունեք, նրանք ձեր նշած որակների կրողն են, ապա որքա՞ն եք հեռանկարային համարում, որ ժողովրդի պատրաստակամությամբ միայն կարող եք լավ արդյունքի հասնել՝ առանց իշխանության աջակցության։

– Այս իշխանությունները պետք է հեռանան, ու ամեն ջանք պետք է գործադրվի, որպեսզի այս իշխանությունները հեռանան թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։

– Տիկի՛ն Հակոբյան, ընդդիմությանը մեղադրողներն ասում են, որ եթե պատերազմի ողբերգական ավարտից հետո շարունակում են պաշտոնավարել այն անձինք, որոնք մինչև պատերազմն էլ էին պաշտոնավարում, ապա դուք ևս, այսինքն՝ ընդդիմությունը, համաձայն եք այն ծրագրին, որը իրագործվում է, որքան էլ փորձում եք ցույց տալ, թե չեք ընդունում իշխանությունների վարած քաղաքականությունը։ Այդ մարդիկ ձեզանից կոնկրետ ու հստակ պայքար են ակնկալում։

– Իսկ ո՛վ ասաց, որ քայլ չենք անում, ո՛վ ասաց, որ այդ քայլերը պետք է անպայման նման լինեն 2018-ի քայլերին։ Ցավոք սրտի, մեր ժողովուրդը քաղաքական գործընթացները պատկերացնում է անպայման հայհոյանքով, անպատիվ խոսքով, լկտի պահվածքով ուղեկցվող, երևույթ, որն օտարածին է, մեր միջից պետք է դա հանենք։ Մենք ունենք մեր հստակ օրակարգը, որով առաջ ենք գնում, և այն ունենալու է այն արդյունքը, որը մեր առջև որպես նպատակ դրված է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am