Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է բժիշկների օրհնության կարգ

Հունիսի 3-ին Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքակիր Աջը։ Սուրբ առաքյալը համարվում է բժիշկների հովանավորն ու բարեխոսը։

Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանները Սուրբ Ղուկաս Ավետարանչի բարեխոսության հայցով իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված համավարակի դժվարին պայմաններում իրենց աստվածահաճո ծառայությունը բերող բժիշկների ու բուժաշխատողների պահպանության, անվտանգության և անձնվեր գործունեության արդյունավորման համար։

Արարողությանը ներկա էին մի շարք բժշկական հաստատությունների ղեկավարներ, բժշկական կենտրոնների COVID-19 կլինիկաների պատասխանատուներ և բժիշկներ։

Օրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց համայն մեր ժողովրդին և ի մասնավորի բժիշկներին ու առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ԲԺԻՇԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Սիրելի հավատավոր հայորդիներ,

Աղոթական ոգով Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքով օրհնության արարողություն կատարեցինք՝ հայցելով Տիրոջ զորակցությունը համավարակի տագնապալի փորձությանը դիմագրավող աշխարհին և մեր ժողովրդի զավակներին։ Առանձնաբար Բարձրյալի օգնությունը և պահապանությունը խնդրեցինք դժվարին այս օրերին ծանրագույն պատասխանատվության ներքո աշխատող բժիշկներին ու բուժաշխատողներին։ Մեր սրտի փափագն է մասնավոր այս արարողությամբ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և բարձր գնահատանքը վերստին բերելու առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներիդ՝ ի դեմս այստեղ ներկա մեր սիրելի բժիշկների, և աղոթելու ձեր առողջության, անվտանգության և անձնվեր ծառայության արդյունավորման համար։

Սիրելիներ, աստվածաշնորհ է մարդու կյանքն ու առողջությունը։ Դուք եք նաև պահապաններն ու հոգատարողները այդ մեծագույն պարգևի և ներկա բարդ հանգամանքներում ամենայն ջանադրությամբ պայքարում եք համավարակից տուժածների կյանքի պահպանման, առողջության վերականգնման և ապաքինման համար։ Հիվանդի նկատմամբ բժշկի պատասխանատվության ու հոգատարության կարևորությունը շեշտում է մեր մեծ բժշկապետ Մխիթար Հերացին Հայոց Գրիգոր Տղա Կաթողիկոսի հորդորով գրված «Ջերմանց մխիթարութիւն» հայտնի աշխատության մեջ։

Մարդուն տրված բազում շնորհներ, ինչպիսիք են հոգատարությունը, նվիրումը, սերն ու կարեկցանքը, դրսևորվում են ձեր շնորհակալ գործունեությամբ, որին ականատես ենք հատկապես համավարակի այս խռովահույզ օրերին։ Մեծ նվիրումով հոգ տանելով հիվանդներին՝ դուք արտահայտում եք ձեր սերը Աստծո և Աստծո կողմից արարված մարդու հանդեպ։ Արդարև, ամեն մի տկար մարդու խնամքի մեջ դրսևորվում է խոնարհումն ու սերը առ Տերը, ինչպես Քրիստոս է ասում․ «Հիվանդ էի և Ինձ տեսնելու եկաք … քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ Ի՛նձ համար արեցիք» (Մատթ․ 25․36-40)։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբկատարվեց բժիշկների օրհնության կարգ______ Հունիսի 3-ին Սուրբ Գայանե վանքում,…

Gepostet von Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin am Mittwoch, 3. Juni 2020