«Վարչապետը, վստահաբար, հրաժարական չի տալու, իսկ ընդդիմությունը չունի իրավիճակից ելքի ռազմավարություն». Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, եթե գնահատելու լինեք հայաստանյան ներքաղաքական կյանքը, ապա ինչպիսի՞ն կլինի ձեր գնահատականը։

– Խոր և համապարփակ դեգրադացիա՝ սա է իմ գնահատականը, որովհետև այս ներքաղաքական իրադրության մեջ չկան քաղաքական գաղափար և պայքար։ Խորհրդարանական ընդդիմությունը ճգնաժամի մեջ է և ճնշումների տակ, որի համար դուրս է եկել փողոց, իսկ իշխանությունը ձևացնում է, թե ամեն ինչ լավ է։

Խորհրդարանական ընդդիմության ասելիքը սնանկ է, բայց աղմուկը շատ է և չի թողնում, որ առողջ քաղաքական մտքեր գեներացվեն դաշտում։ Այնքան ֆինանսական և մեդիառեսուրս են ներդրել հայհոյանքի, վիրավորանքի, գեղջկական հայրենասիրական կարգախոսների, միջնադարյան հակաթուրքական կոչերի մեջ, որ սիրտդ ուղղակի խառնում է, գլուխդ էլ՝ պտտվում։

Այնքան շատ են ինձ ասում՝ բա դու իշխանությանը դեմ չէիր, հիմա ինչո՛ւ ես այս ընդդիմությանը քննադատում։ Նախ՝ մարդիկ մոռացել են, որ այս ընդդիմությանը՝ որպես քաղաքական դերակատարի և կառավարող ուժի մերժել եմ նաև ես ու ոչ մի պարագայում չեմ կարող պաշտպանել նրանց հակահեղափոխական ու իշխանական ձգտումները։ Եվ երկրորդ՝ իմ ձայնը՝ որպես ընդդիմություն, լսելի էր, երբ քաղաքական դաշտը մաքուր էր, և Նիկոլ Փաշինյանը՝ ի դեմս մեզ, ուներ անխոցելի և շանտաժի չենթարկվող ընդդիմություն։

Հիմա Նիկոլ Փաշինյանի՝ փողոց դուրս եկած սրտի ընդդիմադիրները չեն թողնում, որ քաղաքական միտքդ տեղ հասցնես, եթե դրա մեջ չկա հայհոյանք կամ ագրեսիա։ Ես չեմ պատրաստվում միայն մարդկանց էմոցիոնալ ծափահարություններին արժանանալու համար այդպիսի ընդդիմադիր գործիչ լինել, և ինձ նման շատերը։

Ահա թե ինչու ներքաղաքական դաշտը մնացել է դերասաններին, երեսպաշտ բարձր գոռացող, ընդդիմություն խաղացողներին և պատեհապաշտներին։ Բայց, հուսանք՝ սա երկար չի տևի, և դաշտը կմաքրվի, որովհետև այս ներքաղաքական վիճակը մեր ժողովրդին և մեր պետությանը լավ բաներ չի խոստանում։

– Ընդդիմության պահանջն արդարացված համարու՞մ եք։

– Ընդդիմության պահանջը վարչապետի հրաժարականն է։ Սա իհարկե չի կարող արդարացված լինել, որովհետև Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից մեկ տարի էլ չի անցել։ Այդ պահանջն արդարացված էր մեկ տարի առաջ, որը նաև «Լուսավոր Հայաստանի» օրակարգն էր, և, ինչպես տեսաք, մենք հասանք վարչապետի հրաժարականին՝ հրաժարվելով նաև մեր մանդատներից։

Իսկ հիմա այդպիսի համաժողովրդական պահանջ չկա, և դրա վկայությունն են ընդդիմության շահերը պաշտպանող փողոց դուրս եկած ընդամենը 5-6 հազար մարդիկ։

Երիտասարդների համար էլ այս շարժումը ընդամենը ռոմանտիկ գործընթաց է, որտեղ կարող են ինքնադրսևորվել՝ ելնելով թե՛ իսկապես ազնիվ մղումներից, թե՛ գիտակցաբար ծառայություն մատուցելու պատրաստակամությունից։ Բոլոր դեպքերում լավ է, որ մեր երիտասարդությունը քնած չէ, պարզապես ափսոս է, որ այդ էներգիան սխալ տեղ է ուղղորդվում։

– Տիկի՛ն Սամսոնյան, իշխանությունն ու ընդդիմությունը, ինչպես տեսնում ենք, հրաժարվում են միմյանց հետ բանակցելուց։ Ստեղծված իրավիճակում ի՞նչ ելք եք կանխատեսում։

– Այո՛, չեն բանակցելու, որովհետև ժողովուրդը երկու կողմին էլ իրար հետ բանակցելու մանդատ չի տվել, տվել է իրար ոչնչացնելու մանդատ։ Վարչապետը, վստահաբար, հրաժարական չի տալու, նույնիսկ այդպիսի միտք չկա, իսկ ընդդիմությունը չունի իրավիճակից ելքի ռազմավարություն։

2018-ին, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կա՛մ ինքը կապահովի մարդկանց հաղթանակը, կա՛մ կհեռանա քաղաքականությունից։ Եթե ուշադիր լինեք, այս ընդդիմությունը լրագրողների այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ կանեն, եթե չհաջողեն, ասում է՝ անպայման կհաջողեն։ Այսինքն՝ իրենք չգիտեն՝ ի՛նչ են անելու և վճռական չեն իրենց նպատակներում։

Իրենք կա՛մ պիտի վերադառնան խորհրդարան՝ վերահաստատելով Փաշինյանի լեգիտիմությունը, որովհետև 2021 թ․ մանդատները վերցնելով արդեն ընդունել էին, կա՛մ պետք է վայր դնեն բոլոր մանդատները։

Նրանց անհաջողության ելքի դեպքում վտանգներ կան, որովհետև անզորությունից կարող են ծայրահեղ քայլերի դիմել։ Բոլոր դեպքերում այս ընդդիմությունն անցել է ռուբիկոնը և այսօր դժվար իրավիճակում է՝ հասկանալով, որ լայն ժողովրդական աջակցություն չունի և չի կարող մարդկանց երկար խաբել։

– «Դիմադրության» այս շարժումը հանրային աջակցություն ունի՞ ձեր տպավորությամբ։

– Այս շարժումն ունի միայն խորհրդարանական ընդդիմության համակիրների աջակցությունը, որոնց մեծ մասին ընտրություններից հետո ոչ մի պաշտոն չհասավ, և մնացին ձեռնունայն։ Հիմա լավ պահ է այդ սխալը շտկելու, բայց, ցավոք, նորից մնալու են ձեռնունայն։ Եվ այս շարժմանը աջակցում են պարզապես ընտրողներ, որոնք հիասթափվել են այս իշխանությունից, չեն վստահում և ստիպված դուրս են եկել փողոց։

Բոլոր դեպքերում լայն աջակցություն չունի և չի էլ ունենալու։ Կան շատ մարդիկ, որոնք, այո՛, այլևս չեն համակրում այս իշխանությանը, բայց այդ մարդիկ չեն ընդունում նաև նախկին իշխանություններին և ոչ մի գնով նրանց չեն պաշտպանելու։

– Մինչև ե՞րբ են շարունակվելու այս ակցիաներն ու ի՞նչ ավարտ է ունենալու այս պայքարը, տիկի՛ն Սամսոնյան։

– Դժվար է ասել՝ երբ կավարտվի։ Համենայնդեպս, այս շարժման պիկը մենք տեսանք նախորդ օրերին և գնալով նվազեց։ Հնարավոր ելքերի մասին արդեն ասացի։ Բոլոր դեպքերում սա շարժում է, որը մշակված ելքեր չունի, և ինչպես էլ ավարտվի, անհետևանք չի մնալու։

Պետք է հասկանալ, որ սա միայն ներքաղաքական շարժում չէ և փոխկապակցված է արտաքին քաղաքական մարտահրավերներին, և դա ևս հաշվի առնելով չպետք է կորցնել զգոնությունը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am