Գալյան․ Ամեն օր տեղեկություններ եմ ստանում Օսիպյանի առողջական վիճակի մասին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և ինքը ամեն օր օպերատիվ տեղեկություններ է ստանում նրա վիճակի վերաբերյալ։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով այն դիտարկմանը, թե Օսիպյանը պահվում է պայմանների առումով խնդիրներ ունեցող խցում, Գալյանը նշել է, որ նրա իրավունքների ապահովման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում։

«Հենց երեկ նրան այցելել է սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը։ Նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք, իր կարծիքով, կարող են հանցավոր բնույթ կրել։ Մենք ապահովել ենք նաև կապը իրավասու մարմինների, մասնավորապես՝ քննչական մարմինների հետ»,- ասել է նախարարը։

Գալյանի խոսքով՝ պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Օսիպյանի իրավունքների, այդ թվում՝ հացադուլ իրականացնելու իրավունքի պատշաճ ապահովման համար։

«Նրան տրամադրվում են օրենքով նախատեսված զբոսանքները, ինչպես նաև հարազատների հետ տեսակցությունների հնարավորությունը»,- նշել է նա։