Գերմանիայում հայ ընտանիքին արտաքսել են Հայաստան՝ չնայած աջակցող բողոքի ակցիային

Գերմանիայի Մայն-Շպեսարտ շրջանում բնակվող Լապայանների հայ ընտանիքն արտաքսվել է Հայաստան։ Ընտանիքի 15-ամյա դստեր՝ Մարինայի և նրա հարազատների՝ Գերմանիայում մնալու իրավունքի համար օրեր առաջ Կարլշտադտում բողոքի ակցիա էր անցկացվել։

Այս մասին սեպտեմբերի 9-ին գրել է գերմանական Main-Post -ը։ Ըստ հրապարակման՝ ընտանիքին տեղափոխել են Համբուրգ, որտեղից նրանց նստեցրել են Հայաստան մեկնող ինքնաթիռ։ Պարբերականը նշում է, որ արտաքսումը կանխել չի հաջողվել նաև այն բանից հետո, երբ հարցով զբաղվել է Բավարիայի ներքին գործերի նախարար Յոախիմ Հերմանը։

Սեպտեմբերի 4-ին Կարլշտադտում անցկացված ակցիայի մասնակիցները պահանջում էին ընտանիքին թույլ տալ մնալ Գերմանիայում։ Այդ պահին ընտանիքի հայրը՝ Տիգրան Լապայանը, արդեն գտնվում էր Հոֆ քաղաքի արտաքսման կալանքի կենտրոնում։ Մարինան Main-Post-ին հայտնել էր, որ ընտանիքն օրական ընդամենը կես ժամ կարող էր հեռախոսով խոսել նրա հետ։ Արտաքսման ենթակա էին նաև Մարինան, նրա մայրը և ընտանիքի 10 ու 3 տարեկան երեխաները։

«Մարինան նոր էր ավարտել Գեմյունդենի Mittelschule-ը։ Main-Post-ը գրում է, որ ընտանիքը Գերմանիայում ինտեգրվել էր դպրոցների, աշխատանքի և տարբեր միությունների միջոցով։ Նրանց աջակցության համար նաև առցանց ստորագրահավաք էր կազմակերպվել։

Ընտանիքը մինչ Գերմանիա տեղափոխվելը բնակվել է Ուկրաինայում՝ ժամանակավոր կացության իրավունքով։ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո նրանք տեղափոխվել են Գերմանիա։ Գերմանական հրապարակումներում չի նշվում, թե որքան ժամանակ էին Լապայանները բնակվել Ուկրաինայում կամ ինչ հիմքով էին այնտեղ կացության իրավունք ստացել»,-գրում է աղբյուրը։

Main-Post-ի հրապարակումներից պարզ է, որ Գերմանիայում ընտանիքը համարվել է երկրից հեռացման ենթակա և պարտավոր էր լքել երկիրը։ Արտաքսման իրավական կոնկրետ հիմքը հրապարակումներում մանրամասն ներկայացված չէ։ Չնայած ընտանիքի՝ տեղի համայնքում ինտեգրված լինելու մասին վկայություններին, բողոքի ակցիային և նրանց աջակցելու փորձերին՝ Լապայանների ընտանիքն արտաքսվել է Հայաստան։