Գալյան․ Նոր Սահմանադրության տեքստը կարող է հրապարակվել առաջիկա շաբաթներին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ քննարկվում է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետը, և առաջիկա շաբաթներին այն կարող է ներկայացվել հանրային քննարկման։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ ՔՊ վարչության վերջին նիստում քննարկվել է Սահմանադրության տեքստի հրապարակման հարցը։

«Սպասում ենք մեր գործընկերների կողմից ներկայացվելիք կարծիքներին։ Մեզ անհրաժեշտ կլինի 1-2 շաբաթ՝ դրանք հավաքելու և ամբողջացնելու համար։ Այնուհետև կունենանք ևս մեկ կամ երկու քննարկում և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել տեքստը, թե ոչ»,- ասել է նախարարը։

Գալյանը կրկնել է, որ նախագիծն ավելի վաղ չի հրապարակվել, քանի որ դեռ ամբողջությամբ պատրաստ չէր։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ քաղաքական պայմաններին՝ նա նշել է, որ իշխանությունը ներկայումս չունի սահմանադրական մեծամասնություն, և այդ առումով իրավիճակ չի փոխվել։

«Նոր Սահմանադրության տեքստի հրապարակումն ու հանրային քննարկումը մեր քաղաքական հանձնառության մի մասն են։ Թե ինչ կլինի դրանից հետո, ցույց կտա ժամանակը։ Մենք կկատարենք մեր աշխատանքը, իսկ հանրային պահանջի չափն արդեն կգնահատեն քաղաքական ուժերը»,- ընդգծել է Գալյանը։