ԱՄՆ Կոնգրեսում նախաձեռնություն է շրջանառվում հայ գերիների ազատ արձակման պահանջով

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում շրջանառվում է օրենսդրական նախաձեռնություն, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։

Ինչպես հայտնում է ՀՅԴ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, նախաձեռնության հեղինակը Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանն է, իսկ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստը աջակցել է դրա առաջխաղացմանը։

Շերմանը հանձնաժողովին կոչ է արել գործել՝ ընդգծելով ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի նկատմամբ վատ վերաբերմունքի և ռազմագերիների մահապատիժների փաստագրված դեպքերը։

«Կենսական է, որ Միացյալ Նահանգները հստակորեն հանդես գա հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակման օգտին»,- հայտարարել է կոնգրեսականը։

Նա նաև նշել է, որ գերիների ազատ արձակումը համահունչ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ԱՄՆ ջանքերին և կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը։