Ի՞նչ երազներ են մարդիկ տեսնում մահվանից առաջ և ինչո՞ւ. Deutsche Welle

Մահվանից օրեր կամ շաբաթներ առաջ շատ մարդիկ տեսնում են առանձնահատուկ վառ և իրական թվացող երազներ, որոնցում հաճախ հանդիպում են վաղուց մահացած հարազատներին կամ ընտանի կենդանիներին։ Գիտնականների կարծիքով՝ դրանք գիտակցության խանգարման նշան չեն, այլ կարող են օգնել մարդուն հաշտվել կյանքի ավարտի հետ։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։

Ամերիկացի նեյրոկենսաբան Քրիստոֆեր Քերը, որը տարիներ շարունակ ուսումնասիրել է հոսպիսներում գտնվող հիվանդների վերջին օրերի փորձառությունները, պարզել է, որ նման երազներ կամ տեսիլքներ ունեցել են հարցվածների մոտ 90 տոկոսը։ Դրանք առավել հաճախ կապված են մահացած հարազատների հետ հանդիպումների, ճանապարհորդությունների, հաշտության, ներողամտության և կյանքի կարևոր հարաբերությունների վերաիմաստավորման հետ։

Հետազոտողների խոսքով՝ նման երազները սովորաբար ավելի հաճախակի ու ավելի վառ են դառնում կյանքի վերջին օրերին։ Դրանք հանդիպում են ինչպես հավատացյալների, այնպես էլ աթեիստների մոտ, իսկ դրանց հիմնական թեմաները սերն են, ընտանիքը, կապվածությունը և ներումը, ոչ թե կրոնական պատկերացումները։

Գիտնականները նշում են, որ մահվան նախաշեմի երազները չպետք է շփոթել մոտմահու փորձառությունների հետ։ Եթե վերջիններս սովորաբար տեղի են ունենում հանկարծակի և ծայրահեղ իրավիճակներում, ապա այս երազները զարգանում են օրերի կամ շաբաթների ընթացքում և ավելի շատ կապված են մարդու ներքին աշխարհի ու հարաբերությունների հետ։

Քերը կարծում է, որ նման փորձառությունները կարող են ունենալ թերապևտիկ ազդեցություն՝ օգնելով հաղթահարել վախերը, մեղքի զգացումը կամ չլուծված ներքին հակասությունները։ Նրա խոսքով՝ երբեմն դրանք օգնում են այնտեղ, որտեղ բժշկությունն այլևս անզոր է։

Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ մահացողի նման պատմությունները կարող են օգնել հարազատներին ավելի հեշտ հաղթահարել կորուստը։ Գիտնականների կարծիքով՝ այս երազները հիշեցնում են, որ կյանքի ավարտը միայն կենսաբանական գործընթաց չէ, այլ նաև մարդկային հարաբերությունների, հիշողությունների և հաշտության կարևոր փուլ։