ԱՄՆ-ի դռները փակ են քաղաքական ապաստան հայցողների համար.Սթիվեն Միլլեր

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դռները «ամբողջությամբ փակ են» ապաստան հայցողների համար։ Այս մասին հայտնում է ամերիկյան PBS NewsHour-ը՝ Գերագույն դատարանի՝ Թրամփի վարչակազմի ներգաղթային քաղաքականությանն առնչվող որոշումներից հետո։

Միլլերի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները պայմանավորվածություններ են մշակել, ըստ որոնց՝ ապաստան հայցող օտարերկրացիների համար կփնտրվի այլ երկիր, որը պատրաստ կլինի նրանց ընդունել։

«Եթե դուք ապաստան եք հայցում, մենք կգտնենք աշխարհում որևէ այլ երկիր, որը ձեզ կընդունի։ Շատ պարզ, շատ էլեգանտ և ամբողջական լուծում է»,– ասել է Միլլերը։

Նա նաև պնդել է, թե ԱՄՆ հարավ-արևմտյան սահմանին ներկայացվող ապաստանի բոլոր դիմումները «միշտ կեղծ են»։

PBS NewsHour-ը նշում է, որ Միլլերի հայտարարությունը հնչել է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումներից հետո։ Դատարանը 6 կողմ, 3 դեմ ձայներով թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերականգնել սահմանին ապաստան հայցողների ընդունումը սահմանափակող քաղաքականությունը։

Reuters-ի փոխանցմամբ՝ խոսքը, մասնավորապես, «metering» կոչվող քաղաքականության մասին է, որը թույլ է տալիս սահմանապահներին հետ ուղարկել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին գտնվող ապաստան հայցողներին, եթե իշխանությունները համարում են, որ սահմանային անցակետերը ծանրաբեռնված են։