ՀՀ եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

ՀՀ եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
ՀՀ եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսայում մեկնարկել է ՀՀ եվրապարտատոմսերով (XS2010043904) առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարի սեպտեմբերի 26-ին։

Հայաստանի Հանրապետությունն, ի դեմ ՀՀ ֆինանսների նախարարության, թողարկել է 500 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսեր։ Արժեթղթերն ունեն 10 տարի մարման ժամկետ և 3.95% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ երկու թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային տոկոսադրույքը:  

«Մենք նախաձեռնում ենք բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի գրավիչ ներդրումային գործիքները հասանելի դառնան հայաստանյան ներդրողներին։ ՀՀ ֆինանսների նախարարության թողարկած դոլարային պարտատոմսերը հենց այդպիսի գործիք են։ Լինելով շատ գրավիչ՝ դրանք պետք է հասանելի լինեն ոչ միայն օտարերկրյա, այլ նաև մեր ներդրողներին՝ մեր հարթակի միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

«2020-ին կիրականացնենք մի շարք նախաձեռնություններ, որպեսզի ընդլայնենք տարբեր ֆինանսական գործիքների հասանելիությունը հայաստանյան ներդրողների համար»,- հավելել է բորսայի գլխավոր տնօրենը։

«Ողջունում ենք Հայաստանի ֆոնդային բորսայի հրաշալի քայլը եվրապարտատոմսերի գնանշման և եվրապարտատոմսերով գործառնություններ իրականացնելու ուղղությամբ: Սա առաջին հերթին կարևորում ենք հասարակության համար կառավարության պարտքային ևս մեկ գործիք հասանելի դարձնելու առումով»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։

Եվրապարտատոմսերի շրջանառությունը և վերջնահաշվարկն իրականացվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում: Դեպոզիտարիայի գործընկեր Clearstream Banking Luxemburg-ի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ եվրապարտատոմսերը հասանելի են դարձել Հայաստանի Հանրապետության ներդրողների համար։  

Եվրապարտատոմսերի առաջին ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 2014 թվականին։

Եվրապարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր կազմակերպություններին։