Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Ռուսաստանը կարող է պատրաստվել Լիտվայի և Բալթյան այլ երկրների կարևոր ենթակառուցվածքների դեմ սահմանափակ հարձակումների կամ դիվերսիոն գործողությունների։
Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե լայնածավալ ռազմական ներխուժման, այլ էներգետիկ, տրանսպորտային և այլ ռազմավարական օբյեկտների հնարավոր թիրախավորման մասին է, որի նպատակներից մեկը կարող է լինել ՆԱՏՕ-ի արձագանքի ստուգումը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Նաուսեդան նշել է, որ հետախուզական տվյալները չեն հստակեցնում, թե երբ և որտեղ կարող են իրականացվել հնարավոր հարձակումները, սակայն Լիտվան արդեն ուժեղացնում է կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Նման մտահոգություններ են հայտնել նաև Լատվիան և Լեհաստանը՝ զգուշացնելով, որ վերջին տարիներին աճել է Ռուսաստանի կողմից հիբրիդային և դիվերսիոն գործողությունների վտանգը։
Կրեմլը, իր հերթին, հերքել է այս պնդումները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրանք անվանել է «վախ տարածող պատմություններ»՝ պնդելով, որ նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացումը տարածաշրջանում։



















