Եվրահանձնաժողովը TikTok-ից պահանջում է ավելի արդյունավետ պաշտպանել անչափահասներին

Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել TikTok-ին՝ պնդելով, որ սոցիալական հարթակը խախտում է ԵՄ «Թվային ծառայությունների մասին» օրենքը՝ չապահովելով անչափահաս օգտատերերի հաշիվների բավարար անվտանգությունը։

Հանձնաժողովի հետաքննության համաձայն՝ TikTok-ում անչափահաս օգտատերերը կարող են իրենց հաշիվները դարձնել հանրային, ինչի հետևանքով նրանց հրապարակած բովանդակությունը հասանելի է դառնում ցանկացած օգտատիրոջ, այդ թվում՝ նույնիսկ հաշիվ չունեցող անձանց։ Բացի այդ, նրանց տեսանյութերը կարող են առաջարկվել այլ օգտատերերի «Ձեզ համար» («For You») լրահոսում։

Եվրահանձնաժողովը նշում է նաև, որ նույնիսկ գաղտնի հաշիվ ունեցող անչափահասների պրոֆիլներն ու հետևորդների ցանկերը մնում են հասանելի, ինչը, ըստ հանձնաժողովի, մեծացնում է անցանկալի շփումների, կիբեռհետապնդման և շահագործման ռիսկերը։

Հանձնաժողովը TikTok-ին կոչ է անում փոխել հարթակի կարգավորումները, որպեսզի անչափահասների հրապարակած բովանդակությունը տեսանելի լինի միայն նրանց կողմից հաստատված հետևորդներին, ինչպես նաև դադարեցնել այդ բովանդակության առաջարկումը «Ձեզ համար» լրահոսի միջոցով։

«Անչափահասների համար համապատասխան կարգավորումների սահմանումը «Թվային ծառայությունների մասին» օրենքի շրջանակում «գեղեցկության մրցույթ» չէ։ Դրանք պետք է լինեն արդյունավետ։ TikTok-ն այժմ հնարավորություն ունի ներկայացնելու իր պաշտպանությունը, սակայն պարտավոր է համապատասխանեցնել իր կարգավորումները՝ երեխաների առցանց գաղտնիության, անվտանգության և պաշտպանվածության բարձր մակարդակ ապահովելու համար»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռենյեն։