Գերմանիայում դատարանը քննում է փոստատարի գործը, որը մեղադրվում է 32 հազար նամակ յուրացնելու մեջ։ Գործով դատավճռի հրապարակումը նախատեսված է հուլիսի 28-ին։
Մեղադրանքի համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում գողացված նամակները չեն հասել Գերմանիայի արևմուտքում գտնվող Կրեֆելդ քաղաքի հասցեատերերին։ Հետագայում ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ աղբամաններից մեկում հայտնաբերվել են հարյուրավոր նամակներ։ Քննությամբ պարզվել է, որ դրանք չեն առաքվել, իսկ ծրարների մի մասն էլ բացված է եղել, հայտնում է WDR-ը։
Հետաքննությունը ոստիկանությանը հասցրել է տեղի փոստատարին։ Նրա բնակարանում և տան նկուղում հայտնաբերվել են ևս տասնյակ հազարավոր նամակներ։
Մեղադրյալը հայտարարել է, որ այդպես է վարվել՝ փորձելով օգնել իր այն ժամանակվա ընկերուհուն, որը նույնպես աշխատում էր փոստում և չէր հասցնում առաքել իրեն հանձնված նամակները։ Միևնույն ժամանակ նա հերքում է, որ բացել է ծրարները։
Մինչդեռ հուլիսին մեղադրյալի նախկին ընկերուհին նույն գործով արդեն դատապարտվել է։ Դատարանը նրան պարտավորեցրել է վճարել 600 եվրոյի չափով տուգանք։
Գործով անցել է նաև ևս մեկ փոստատար՝ նախկին ընկերուհու նախկին ամուսինը, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։



















