Ռուսաստանում Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանն աջակցելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության՝ Դուրովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1.1 մասով։ Նշվում է, որ սկսվել է նրան միջազգային հետախուզում հայտարարելու գործընթացը։
Ռուսական հատուկ ծառայության պնդմամբ՝ Telegram-ի ադմինիստրացիան չի հեռացրել բազմաթիվ ալիքներ, չաթեր և բոտեր, որոնք, ըստ ԱԴԾ-ի, օգտագործվել են ուկրաինական հատուկ ծառայությունների, ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների կողմից՝ Ռուսաստանում դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ, զանգվածային սպանություններ և կիբեռհանցագործություններ նախապատրաստելու և համակարգելու համար։
ՏԱՍՍ-ը նշում է, որ այդ հոդվածով նախատեսվում է 8-ից 15 տարվա ազատազրկում, հնարավոր տուգանք, իսկ որոշ դեպքերում՝ ցմահ ազատազրկում։
Ռուսական կողմի պնդմամբ՝ 2022 թվականից Ռուսաստանում Telegram-ի օգտագործմամբ գրանցվել է 153 հազար հանցագործություն, այդ թվում՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության, Դարյա Դուգինայի, Վլադլեն Տատարսկու և մի շարք բարձրաստիճան զինվորականների սպանությունների կազմակերպում։
Ըստ նույն հաղորդագրության՝ Ռոսկոմնադզորը Դուրովի թիմին ավելի քան 150 հազար դիմում է ուղարկել՝ պահանջելով հեռացնել ապօրինի բովանդակությունը, սակայն դրանք անտեսվել են։



















