Իտալիայում կատուներին օգտագործել են անտառային հրդեհներ տարածելու համար

Իտալիայի հարավում բռնկված անտառային հրդեհների պատճառներն ուսումնասիրելիս Կալաբրիայի իշխանությունները հայտնաբերել են կատուների, որոնց պոչերին դյուրավառ հեղուկով ներծծված կտորներ են կապել։ Կենդանիներին բաց են թողել դաշտերում, և վախեցած կատուները տարբեր ուղղություններով վազելով՝ տարածել են կրակը, հայտնում է CNN-ը։

«Այս կենդանիներին բաց են թողել դաշտերում, որտեղ նրանք վազել են տարբեր ուղղություններով և տարածել կրակը»,- հայտնել է Կալաբրիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ներկայացուցիչ Դոմենիկո Կոստարելլան։

Նրա խոսքով՝ հայտնաբերվել են նաև դիտավորյալ հրկիզումների մասին վկայող այլ ապացույցներ՝ դյուրավառ կտորների մեջ տեղադրված վառվող մոմեր և որոշ ժամանակ անց գործարկվող հրկիզման սարքեր։

Հրշեջները շարունակում են պայքարել Կալաբրիայի Պոլինո ազգային պարկի շրջակայքում տարածված հրդեհների դեմ։ Իտալական RAI հեռուստաընկերության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում Կալաբրիայում հրշեջները կատարել են ավելի քան 160 գործողություն։

Կենդանիների և շրջակա միջավայրի պաշտպանության իտալական ասոցիացիան կատարվածի առնչությամբ հաղորդում է ներկայացրել իրավապահներին և կատուներին կրակի մատնած անձանց վերաբերյալ տեղեկության համար 1000 եվրո պարգև առաջարկել։

CNN-ը նշում է, որ Իտալիայի հարավում կատուների միջոցով կրակ տարածելու դեպքեր նախկինում ևս արձանագրվել են։ 2016 թվականին Սիցիլիայի իշխանությունները նման եղանակով անտառներ հրկիզելու համար մեղադրել էին մաֆիային, իսկ 2017-ին նույն մեթոդի կիրառման մասին հաղորդվել էր Նեապոլի մերձակայքում՝ Վեզուվի շրջակայքում։