Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվում է ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

Ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցելով 2022 թ. հուլիսի 9-17-ը կազմակերպում է ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, դասընթացը, որը տեղի է ունենում հուլիսի 10-15-ը ՀՑԹԻ գիտաժողովների սրահում դասախոսություն-գործնական պարապմունք ձևաչափով, մասնակիցներին կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմական, իրավական, սոցիալ-հոգեբանական դիտանկյունները, միաժամանակ ցույց տալով այդ հանցագործության, դրա անպատժելիության ունեցած երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքական, տնտեսական իրադրության վրա: Առանձին դասաժամ է հատկացվել Արցախյան հիմնահարցին: Ծրագիրը ներառում է հատուկ մշակութային մաս, որը կնպաստի ուսուցիչների շրջանում հայերի, հայոց պատմության և Հայաստանի վերաբերյալ ընդհանուր ճանաչողության բարձրացմանը:

«Այս տարի ծրագրին մասնակցելու են 15 ուսուցիչներ՝ ԱՄՆ 15 տարբեր նահանգներից: Նրանց մեծ մասն ունի հումանիտար ոլորտում դասավանդելու 20 և ավել տարիների փորձ, ոմանք խմբագրել կամ մասնակցել են ցեղասպանության մասին ժողովածուների հրատարակմանը, տարբեր թանգարանների կրթական ծրագրերի մշակմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ըստ աղբյուրի՝ ծրագրի արդյունքում մասնակիցները, ծանոթանալով Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդներին, շեշտադրումներին, GenEd կազմակերպության աջակցությամբ կկազմակերպեն վերապատրաստման նման ծրագրեր և գործնական պարապմունքներ իրենց նահանգներում: