Վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում կարգելվի.Ecolur

Հայաստանում վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում կարգելվի: Նոր դրույթը սահմանվել է «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով: Կենդանիների ցանկը հաստատված է ՀՀ լիազորված մարմնի կողմից: 

Օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ օրենքով կկարգավորվի և կխստացվի վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ վերահսկողությունը:

Մասնավորապես, օրենքի նախագծում նախատեսվում են անցումային դրույթներ, ըստ որի՝ վայրի կենդանիներ անազատ պայմաններում պահողները (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) 1 տարվա ընթացքում պետք է ներկայանան լիազոր մարմին՝ կենդանիների պահման թույլտվություն ստանալու և հաշվառման տվյալները տրամադրելու համար։ Մեկ այլ դրույթով կենդանական աշխարհի որոշ տեսակների օգտագործման համար նախատեսվում է սահմանել բնօգտագործման վճար: Կենսաթոշակային տարիքի անձանց համար, սակայն, սիրողական ձկնորսությունն անվճար կլինի, քանի որ այն իրականացվում է կարթերով, չի ենթադրում բարդ գործընթաց ու մարդածին մեծ ճնշում բնության վրա: 

Այս օրինագծի հետ միասին ՀՀ կառավարությունը 2021թ. սեպտեմբերի 16-ի նիստում հավանության արժանացրեց նաև «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հար­կային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատա­րելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հարապետության օրենքում նախատեսվող լրացումներով սահմանվել են վայրի կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների ՀՀ տարածքից արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադելու համար պետական տուրքի  դրույքաչափերը: Պետական տուրք է սահմանվել նաև անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար, ինչպես նաև կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքման համար: 

Օրենքն ուժի մեջ կմտնի 2023թ. հունվարի 1-ից։

Որոշման նախագիծը մշակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Հայտնում է ecolur-ը։