Մեկնարկեց «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը

Մեկնարկեց «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը
Մեկնարկեց «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո 2012 թվականից իրականացնում  է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը:

Հուլիսի 1-ինԱլ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Իմ Հայաստան» համահայկական II փառատոնը, որին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ այլ պաշտոնատար անձինք, հասարակական գործիչներ, արվեստագետներ, մտավորականներ:

Բացման արարողությունը բաղկացած էր 3 հիմնական մասերից` պատվիրակությունների շքերթ, բուն համերգային ծրագիր, մասնակիցների ընդհանուր շուրջպար:

Բուն համերգային ծրագիրը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով՝ Աննա Մայիլյանի  կատարմամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա մասնավորապես նշեց. «ՀՀ Կառավարության եւ անձամբ իմ անունից ջերմորեն ողջունում եմ բոլոր մասնակիցներին: Բարո՛վ եք եկել Հայաստան: Ազգը ճանաչելի դարձնելու լավագույն միջոցը մշակույթն է: Այստեղ համախմբվել է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի եռամիասնությունը, որը մեր ուժի իրական գրավականն է: Հավաքվելով հայրենիքում եւ ձեր ներուժը ներդնելով հայրենի մշակույթի զարգացման գործում՝  դուք ձեր նպաստն եք բերում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման գործընթացում: Սա հայանպաստ, հայանվեր միջոցառում է:  Շնորհակալություն եւ բարի երթ բոլոր մասնակիցներին»:

Այնուհետեւ միջոցառման հանդիսավարներ Ավետ Բարսեղյանը եւ սիրիահայ ուսանողուհի Լուսի-Վանա Կարապետյանը բեմ հրավիրեցին «Իմ Հայաստան» փառատոնի «Պարարվեստիօրեր» ծրագրինմասնակցելուհամարաշխարհի 12 երկրներից հայրենիք ժամանած 36 պարախմբերին՝ՌԴ-ից՝ «Շիրակ», «Տաշիր», «Կռունկ», «Հայասա», «Արմավիր», «Նարեկ», «Արին   Բերդ», «Տարոն», «Նարե», «Արենի», «Կարոտ», «Արփի», «Հայաստանի փայլեր», «Արտույտ», «Նաիրի», «Անի», «Թերպսիխորա», «Նոյան», Վրաստանից՝ «Անի», «Ֆանտազիա», «Վանք», «Ջեյրան», «Վաչյան», «Բարալեթ», «Նաիրի»,  Ուկրաինայից՝ «Արաքս», «Արմենիա», Լիբանանից՝ «Արին», Քուվեյթից՝ «Շաքե», Ավստրալիայից՝ «Նաիրի», Կանադայից՝ «Անի», Ֆրանսիայից՝ «Արա», ԱՄՆ-ից՝ «Զվարթնոց» պարային համույթներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի պարախմբերին:

2012թ. առաջին անգամ անցկացված «Իմ Հայաստան» փառատոնի մասին պատմող տեսաֆիլմը դիտելուց հետո Արցախի պարի պետական  համույթը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված  «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով պարային համարը:

Երաժշտական կատարումներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ղեկավարած «Սայաթ-Նովա» մշակութային միության նորօրյա աշուղների խումբը, ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը եւ նրա սաները, ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը, երգիչներ Համլետ Գեւորգյանը եւ Արմինկան, պարային կատարմամբ՝ «Բերդ» ՀՀ վաստակավոր պարային համույթը:

Փառատոնի բացմանն առաջին անգամ ցուցադրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պարային սյուիտ: Մասնակիցները հանդես եկան առանձին համարներով և միասին պարեցին հայկական ավանդական քոչարին:

Համերգը ուղեկցվեց Հայաստանի տեսարժան վայրերի էկրանային ցուցադրությամբ և «Իմ Հայաստան» առաջին փառատոնի մասին պատմող կադրերով:

Միջոցառման ավարտին Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքից ժամանած պարախմբերի եւ նրանց պարուսույցների մասնակցությամբ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ցնծաց հայկական քոչարիի հուժկու հնչյունների ներքո:

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գլխավոր հովանավորն է «Օրանժ Արմենիա» ընկերությունը, փառատոնի հովանավորն է «Տաշիր գրուպ» ընկերությունը, փառատոնին տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում  «Հայաստանի հանրային», «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները եւ  Հայաստանի հանրային ռադիոն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնական հաղորդագրությունը: