Եվրոպայի շոգը նպաստում է վարակիչ հիվանդությունների տարածմանը․ Euronews

Եվրոպայում երկարատև և ավելի շոգ ամառները նպաստավոր պայմաններ են ստեղծում մի շարք վարակիչ հիվանդությունների տարածման համար։ Այս մասին զգուշացրել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը՝ ECDC-ն, հայտնում է Euronews-ը։

Կենտրոնի տվյալներով՝ բարձր ջերմաստիճանը հատկապես մեծացնում է սննդային վարակների, մոծակների և տզերի միջոցով փոխանցվող հիվանդությունների, ինչպես նաև ծովային ջրերում հանդիպող Vibrio բակտերիայով վարակվելու վտանգը։

Շոգ եղանակին սննդի մեջ մանրէներն ավելի արագ են բազմանում, ինչի պատճառով մեծանում է սննդային թունավորումների և վարակների հավանականությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս լավ լվանալ մրգերն ու բանջարեղենը, միսն ամբողջությամբ եփել և արագ փչացող սնունդը ճիշտ ջերմաստիճանում պահել։

Տաք և խոնավ եղանակը նաև նպաստում է նախկինում Եվրոպայի որոշ շրջաններում հազվադեպ հանդիպող մոծակների տարածմանը։ Դրանց միջոցով կարող են փոխանցվել դենգե տենդը, չիկունգունյան և Արևմտյան Նեղոսի վիրուսը։ ECDC-ի տվյալներով՝ 2026 թվականին Ֆրանսիայում արդեն գրանցվել է տեղում ձեռք բերված դենգեի դեպք։

Մեղմ գարունն ու աշունը երկարացնում են նաև տզերի ակտիվության շրջանը։ Դրանք կարող են փոխանցել Լայմի հիվանդություն և տզային էնցեֆալիտ, որոնք երբեմն հանգեցնում են երկարատև ու ծանր բարդությունների։

Վտանգ է առաջանում նաև ափամերձ տաք ջրերում։ Բալթիկ, Սև և Հյուսիսային ծովերի որոշ հատվածներում բարձր ջերմաստիճանն ու ցածր աղայնությունը նպաստում են Vibrio բակտերիաների բազմացմանը։ Վարակումը հնարավոր է բաց վերքերի միջոցով կամ հում ու ոչ բավարար ջերմային մշակման ենթարկված ծովամթերք օգտագործելիս։

ECDC-ն ընդգծում է, որ խնդիրը միայն առանձին շոգ օրերը չեն․ վարակների տարածման համար առավել նպաստավոր պայմաններ են ստեղծում տարեցտարի երկարացող և կայուն բարձր ջերմաստիճաններով ամառները։ Կենտրոնը եվրոպական երկրներին կոչ է արել ամրապնդել համատեղ վերահսկողությունն ու պատրաստվածությունը։