«Սյունիքում կատարվողը ինձ մոտ քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում»․ Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

–Տիկի՛ն Ալեքսանյան, ինչպե՞ս եք գնահատում Սյունիքում ստեղծված իրավիճակը, երբ մարզի տարբեր համայնքների՝ Քաջարան, Մեղրի, Սիսիան, ղեկավարներ ձերբակալվում և կալանավորվում են։ Պողպատյա հեղափոխությո՞ւնն է իրականացվում, կա՞ արդյոք այս ամենում քաղաքական ենթատեքստ։

-Ես վիզուալ տեսնում եմ, որ Սյունիքի մարզի ուղղությամբ «գրոհ» է, և կալանավորվածները հիմնականում Սյունիքից են, իսկ եթե պողպատյա հեղափոխություն է իրականացվում, ապա չեմ կարողանում հասկանալ՝ ինչու են կենտրոնացել Սյունիքի վրա։

Սիսիանում, տեսանք, թե ինչ աղմուկ-աղաղակով բերման են ենթարկում քաղաքապետին։ Ես կալանքների հիմնավորվածությունը չգիտեմ, բայց տեսնում եմ, որ համատարած կալանավորում են, և չեմ կարծում, որ դիմակավորված անձանց հարձակումները, գետնին պառկեցնելը, ապա ձերբակալելը ցույց է տալիս, որ այստեղ մուրճի կամ պողպատյա հեղափոխության գործոնն է աշխատում։

Ե՞րբ պետք է սովորեն մարդկանց հետ նորմալ վարվել, ուզում է հանցագործ լինել, ով ուզում է լինել, սա ի՞նչ ձև է։ Սա հաստատում է իրավապահ մարմինների բռնի հոգեբանությունը, որ ունեին, շարունակվում է նույնությամբ։ Եվ ես կիսում եմ օմբուդսմենի հայտարարությունը, որ չի կարող ՀՀ Սյունիքի մարզից սկսել, կամ թող ասեն, որտեղից են սկսել։ Ինձ մոտ Սյունիքում կատարվողը քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում։

– Հիշում ենք, թե ինչպես Սյունիքում ընդունեցին վարչապետին, ինչպես էին իրենց պահում, հայհոյում: Իսկ այսօր, այսպես կոչված, ընդդիմադիր Սյունիքը լուռ է համայնքի ղեկավարների ձերբակալություններին։ Սա վերահաստատո՞ւմ է, որ այդ ամենը ուղղորդված է եղել ինչ-որ խմբերի կողմից։

– Սարսափելի էին Սյունիքում հնչող այդ հայհոյանքները, որոնք Քոչարյանի հեռուստաընկերությունները եթեր էին տալիս, դրանք ակնհայտորեն կազմակերպված բանդաներ էին, որոնք բացահայտ հայհոյանքներ էին տալիս։

Եվ եթե հիմա են նրանց կալանավորում, ուրեմն թող խուլիգանության համար կալանավորեն, եթե հիմա դրա համար են կալանավորում, թող ասեն։ Ւշխանությունը պետք է բարձր լինի, պետք է հետևի և վերահսկի արդարադատությանը, վերահսկի, որ բռնի գործողություններ չլինեն։ Բոլոր իրավիճակների պատասխանատուն իշխանություններն են։

Եվ բոլոր նրանք, ովքեր հանցագործություն են կատարում, իրենց պատասխանատվության չափը կրում են, բայց այստեղ իշխանությունը պետք է իր հսկողության ներքո պահի իրավապահների աշխատանքը։ Անթույլատրելի է այն, որ դիմակներով գնում են գյուղեր և առանց այն էլ սահմանին վախեցած այդ մարդկանց աչքի առաջ տապալում գետնին։

– Այսինքն՝ որևէ գործողության, աշխատանքի փոփոխություն չկա՞ իրավապահների աշխատանքում։

– Այո՛, չեն փոխվում, որովհետև հավանաբար իշխանությունը վայելում է, հաճույք է ստանում, նստում նայում է կադրերը։ Հավանաբար, իրենց լավ են զգում և ինքնահաստատվում են։

– Բռնի ուժի կիրառմամբ զուգորդված այսպիսի ձերբակալություններն անընդունելի՞ են։

– Անընդունելի են, որովհետև դա այն մարդիկ էին, որոնք քաղաքական հակառակորդներ էին, հրապարակային ելույթներ էին հնչեցնում, և հիմա այդ ամենը նրանց նկատմամբ է արվում: Այլ բան մտածել դժվար է։

– Այսօր պարզ դարձավ, որ ԱԱԾ հատուկջոկատայինները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում են, նրանք բերման են ենթարկել կոմբինատի անվտանգության աշխատակցին։ Վերջերս իշխանությունն ավելի շատ է խոսում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ազգայնացման մասին։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս նպատակով նման գործողություններ իրականացվեն։

– Անկեղծ ասած, այդ առումով տեղեկություններ չունեմ, չեմ կարող ոչինչ ասել, բայց ես տեսա, որ այդ լուրը տարածում էր Վահե Հակոբյանը, և Վահե Հակոբյանն էլ իրեն շատ վատ էր պահում։ Ավելին, չեմ վստահում նրա հայտնած տեղեկություններին։

Մանե Հարությունյան

MediaLab.am