Հանուն Հանրապետության կուսակցությունը դեմ է «3+3(2)» ձեւաչափին Հայաստանի մասնակցությանը

Հանուն Հանրապետության կուսակցության հայտարարությունը․

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայնություն է տվել մասնակցություն ունենալ Մոսկվայում ս․թ․ դեկտեմբերի 10-ին տեղի ունենալիք նախնական հանդիպմանը «3+3(2)» ձեւաչափով՝ փոխարտգործնախարարի մակարդակով եւ անհայտ օրակարգով։

Ակնհայտ է, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի այդ ձեւաչափը կյանքի կոչեն, ձգտելով տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծմանը հասնել` կրճատելով եւ աղճատելով տարածաշրջանային այլ երկրների անկախությունը եւ ինքնիշխանությունը։

Ակնհայտ է նաեւ, որ այս ուղղությամբ Երևանի վրա Մոսկվան ճնշումները զուգորդում է ինչ-ինչ շահեկան թվացող հեռանկարների խոստումների հետ, որպեսզի կորզի Հայաստանի համաձայնությունը հայկական շահերին ակնհայտորեն հակոտնյա որոշումներ՝ չարաշահելով հետպատերազմական խոցելիությունը։

Ընտրված այն օրը, որը նաեւ համընկնում է ԱՄՆ նախագահի նախաձեռնած Ժողովրդավարության աջակցության գագաթնաժողովի եզրափակիչ օրվան։ Այս հանգամանքը եւս բացահայտորեն ի ցույց է դնում մոսկովյան հանդիպումը նախաձեռնած եւ դրան սատարած, ավտորիտար Ժողովրդավարության աջակցության գագաթնաժողովին հրավերի չարժանացած, Բաքվի եւ Անկարայի ավտորիտար ռեժիմների եւ նրանց այդպիսի բովանդակությունը խրախուսող Մոսկվայի իրական մտահղացումները։

Օրեր առաջ Հայաստանը պաշտոնական դիրքորոշում է հայտնել «3+3» ձեւաչափի վերաբերյալ, ըստ որի՝ Երեւանը մասնակցություն կարող է ունենալ, եթե այդտեղ կքննարկվեն հարցեր, որոնք չեն քննարկվում արդեն իսկ գործող ձեւաչափերում, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների եւ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ շրջանակներում։

Մենք սկզբունքային ենք համարում այդ դիրքորոշումը, եւ առնվազն անհասկանալի է, թե որ փաստարկն է պաշտոնական Երեւանին համոզիչ թվացել, որպեսզի շեղվի արդեն իսկ արտահայտած դիրքորոշումից, մինչդեռ մեր հարեւան Վրաստանը կատեգորիկ կերպով մերժել է այդ առաջարկությունը՝ քաջ պատկերացնելով դրա իրական դրդապատճառները եւ հնարավոր հետեւանքները։

Համոզված ենք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից ընդունվել է սխալ որոշում․ այն չի՛ բխում Հայաստանի Հանրապետության անվտանգության, ժողովրդավարության եւ զարգացման շահերից։ Մասնակցությունն այդ հանդիպմանը որեւէ դրական արդյունք տալ չի՛ կարող, ավելին՝ այն կարող է էապես բարդացնել Հայաստանի կողմից իր շահերի հետապնդումը իրական միջազգային հարթակներում, խափանել Հայաստանի միջազգային դիրքերը, սահմանափակել Հայաստանի՝ ժողովրդավարական այլ երկրների հետ հարաբերություններում ակնկալվող հնարավորությունները։

Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի Հայաստանը վերանայի իր այս դիրքորոշումը եւ դրա փոխարեն ձեռնամուխ լինի մեր ժողովրդավարական երկրի շահերն ուղղակիորեն սպասարկող քայլերի՝ դիվերսիֆիկացնելով բոլոր քաղաքականությունները, հատկապես՝ մեզ հետ ընդհանուր արժեքներ ունեցող բարեկամ եւ գործընկեր երկրների, առաջին հերթին մեր հարեւան Վրաստանի ուղղությամբ։

Հանուն Հանրապետության Ժողովրդավարության Պաշտպանների Դաշինք Կուսակցության Քաղաքական Խորհուրդ