Փարիզի դատարանը 10 մարդու՝ ութ տղամարդու և երկու կնոջ, մեղավոր է ճանաչել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնին առցանց հետապնդելու համար։ Նրանք սոցիալական ցանցերում տարածել էին կեղծ պնդումներ նրա սեռի, անձնական կյանքի և նախագահ Էմանուել Մակրոնի հետ հարաբերությունների վերաբերյալ։
Մասնավորապես, հրապարակումներում պնդվել էր, թե Բրիջիտ Մակրոնը ծնվել է տղամարդ և իրականում նրա եղբայր Ժան-Միշել Տրոնյոն է։ Դատարանը տարածված գրառումները որակել է նվաստացուցիչ, վիրավորական և չարամիտ։ Որոշ մեղադրյալներ նաև Մակրոնների 24 տարվա տարիքային տարբերությունը կապել էին մանկապղծության հետ։
Մեկ մեղադրյալ դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման, որը կարող է կրել տնային պայմաններում կամ էլեկտրոնային հսկողությամբ։ Ութ մեղադրյալ ստացել է չորսից ութ ամսվա պայմանական ազատազրկում, իսկ մեկ անձ պարտավոր է միայն մասնակցել կիբերհետապնդման կանխարգելման դասընթացների։ Բոլոր դատապարտյալները պետք է անցնեն նման պարտադիր դասընթաց, իսկ նրանցից մի քանիսի սոցիալական ցանցերի հաշիվների օգտագործումը վեց ամսով կսահմանափակվի։
Դատապարտվածները նաև համատեղ պետք է Բրիջիտ Մակրոնին վճարեն 10 հազար եվրո բարոյական վնասի փոխհատուցում։ Նրա դուստրը դատարանում պատմել է, որ առցանց հարձակումները վատթարացրել են մոր կյանքն ու ազդել ամբողջ ընտանիքի, այդ թվում՝ թոռների վրա։
Կեղծ լուրի տարածման առանցքային դերակատարներից մեկը համարվում է Ամանդին Ռոյ անունով հայտնի Դելֆին Ժեգուսը, որը 2021 թվականին YouTube-ում հրապարակել էր շուրջ չորս ժամանոց տեսանյութ։ Դատարանը նշել է, որ բազմակի հրապարակումները կուտակային վնասակար ազդեցություն են ունեցել Բրիջիտ Մակրոնի վրա։



















