«Վարդանյան եղբայրներ» կրկեսը հյուրախաղերով Վանաձորում է

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան նախկին Քիմիագործների այգում հուլիսի 18-ից անցկացվում են «Վարդանյան եղբայրներ» կրկեսի ներկայացումները։ Մինչ Վանաձոր ժամանելը՝ կրկեսը հյուրախաղերով հանդես է եկել Գյումրիում։

Կրկեսի հիմնադիր Անդրանիկ Վարդանյանի խոսքով՝ ներկայացումներն անցկացվում են առանց կենդանիների մասնակցության։ Ծրագրում ընդգրկված են օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուների ելույթներ և այլ կրկեսային համարներ։

Որոշ համարներում ներգրավվում են նաև հանդիսատեսները, իսկ ներկայացումներից հետո ցանկացողները կարող են լուսանկարվել արտիստների հետ։

Ծրագրի շրջանակում արենայում ելույթ են ունենում նաև Վարդանյան եղբայրները։ Նրանք Guinness World Records-ի ռեկորդակիրներ են, «Մինուտա Սլավի» հեռուստանախագծի հաղթողներ և Բուդապեշտի միջազգային կրկեսային փառատոնի արծաթե մրցանակակիրներ։

Վանաձորյան հյուրախաղերը կշարունակվեն մինչև օգոստոսի 16-ը։