Թրամփը Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո անվտանգության սպառնալիքի պատճառով փոխել է ինքնաթիռը

The Washington Post-ի փոխանցմամբ՝ Անկարայում Թրամփը հեռուստախցիկների առաջ բարձրացել է նախագահական Air Force One ինքնաթիռ, սակայն դրանով չի մեկնել։ Փոխարենը նա աննկատ տեղափոխվել է ինքնաթիռի կողքին կանգնած՝ սնունդ տեղափոխող բեռնատար, որով գաղտնի հասցվել է ավելի փոքր ռազմական տրանսպորտային Air Force C-32A ինքնաթիռի մոտ։ Դրանով էլ Թրամփը մեկնել է Մեծ Բրիտանիա։

Պարբերականի տվյալներով՝ գործողության նպատակը նախագահի անվտանգությունն ապահովելն էր Իրանից հնարավոր սպառնալիքի ֆոնին։

Միաժամանակ Air Force One-ում մնացել են Սպիտակ տան աշխատակիցներն ու Թրամփին ուղևորությունների ժամանակ ուղեկցող լրագրողների խումբը։ Ըստ The Washington Post-ի՝ նրանց ինքնաթիռի փոփոխության և հնարավոր սպառնալիքի մասին չեն տեղեկացրել։

Սպիտակ տունը հրապարակումն ուղղակիորեն չի մեկնաբանել։ Սակայն Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները նշել են, որ նախագահի անվտանգությունն ապահովելու համար կիրառվում են հասանելի բոլոր միջոցները։

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թրամփը, անդրադառնալով Իրանից եկող սպառնալիքներին, հայտարարել էր, որ ինքն «առաջին համարն է այն մարդկանց ցուցակում, որոնց Իրանը ցանկանում է սպանել»։