Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ երեխաների պատվաստումների ժամանակացույցերը կազմվում են տասնամյակների գիտական տվյալների հիման վրա՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երեխաների համար առաջարկվող պատվաստումների թիվը կրճատելու որոշմանը։
Այս մասին հայտնում է Reuters-ը։ Օգոստոսի 10-ին Թրամփը գործադիր հրամանագիր է ստորագրել, որով նախատեսվում է ԱՄՆ-ում երեխաների համար համընդհանուր առաջարկվող պատվաստումների ցանկը սահմանափակել 11 հիմնական պատվաստմամբ։ Թրամփի խոսքով՝ փոփոխությունը երեխաներին կապահովի «ոսկե ստանդարտի» պաշտպանությամբ և ԱՄՆ-ի համակարգը կմոտեցնի այն զարգացած երկրներին, որտեղ ավելի քիչ պատվաստումներ են առաջարկվում։
ԱՀԿ խոսնակ Թարիկ Յաշարևիչը հայտարարել է, որ պատվաստումների վերաբերյալ առաջարկությունները հիմնված են ավելի քան 60 տարվա հետազոտությունների վրա։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պատվաստանյութի կիրառման ժամանակը որոշվում է՝ հաշվի առնելով, թե որ տարիքում է մարդն առավել խոցելի տվյալ հիվանդության նկատմամբ և ինչպես է այդ փուլում զարգանում իմունային համակարգը։
«Այն, ինչ առաջարկում է ԱՀԿ-ն, հիմնված է գիտության վրա։ Հուսով ենք, որ բոլոր երկրները կօգտագործեն մեր ունեցած լավագույն գիտական ապացույցները»,-ասել է Յաշարևիչը։
Թրամփի հրամանագրով առաջարկվում է նաև կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ համակցված MMR պատվաստանյութը բաժանել երեք առանձին ներարկման։ Պատվաստանյութ արտադրող Merck ընկերությունը հայտարարել է, որ հրապարակված գիտական տվյալներ չկան, որոնք վկայում են նման բաժանման առավելության մասին։ Ընկերությունը նաև զգուշացրել է, որ առանձին ներարկումների համար լրացուցիչ այցելությունները կարող են մեծացնել պատվաստումների ուշացման կամ բաց թողնելու հավանականությունը։
Թրամփի որոշումը քննադատել են նաև մի շարք բժշկական կազմակերպություններ և հանրային առողջապահության մասնագետներ։ Նրանք նշում են, որ փոփոխությունների համար նոր գիտական հիմքեր չեն ներկայացվել, իսկ պատվաստումների ցանկի կրճատումը կարող է երեխաներին ավելի խոցելի դարձնել կանխարգելելի հիվանդությունների նկատմամբ և ծնողների շրջանում շփոթություն առաջացնել։
Նոր քաղաքականությամբ համընդհանուր պատվաստումների ցանկից դուրս են մնում, մասնավորապես, COVID-19-ի, գրիպի, ռոտավիրուսի, հեպատիտ A-ի և B-ի, բակտերիալ մենինգիտի և RSV-ի դեմ պատվաստումները․ դրանց մի մասը նախատեսվում է առաջարկել միայն բարձր ռիսկ ունեցող երեխաներին կամ բժշկի և ծնողի համատեղ որոշմամբ։



















