Ժաննա Անդրեասյանը հետևել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներին. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին։

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունում նշվում է․

«Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։

Աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։ Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Բարեկարգման երկրորդ փուլի շրջանակում իրականացվում են Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգում, ինչպես նաև թանգարանային հատվածի նորոգման աշխատանքներ։

Այցի ընթացքում կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը, ծավալը և առաջիկա անելիքները։ Տեղեկացվել է, որ շինարարական և բարեկարգման աշխատանքների որակի ապահովման նպատակով իրականացվում է շարունակական մասնագիտական վերահսկողություն։

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների պատշաճ որակով, սահմանված պահանջներին համապատասխան և նախատեսված ժամկետներում իրականացումը»։