Այսօր հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ։
«Սեպտեմբերի 3-ից ստանձնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնը։ Ինձ համար սա առաջին հերթին մեծ պատասխանատվություն է՝ ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատանքը, քաղաքապետի և քաղաքապետարանի թիմի գործունեությունը, ինչպես նաև ապահովելու հանրության և ԶԼՄ-ների հետ բաց, օպերատիվ և արդյունավետ հաղորդակցություն»,- գրել է Ազարյանը։
Ազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է 2018 թվականից։ Նրա պաշտոնական կենսագրությունից երևում է, որ հենց դրանից հետո է սկսվել նրա հիմնական կարիերային առաջընթացը պետական և համայնքային համակարգում։ Մինչև ՔՊ-ին անդամակցելը նա կարճ ժամանակ աշխատել է վաճառքի, գովազդի և միջոցառումների կազմակերպման ոլորտներում։
2020 թվականից Ազարյանն աշխատել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամում, 2022-2024 թվականներին եղել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, իսկ 2024 թվականի դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագրի» համապետական ընտրական ցուցակով դարձել է Ազգային ժողովի պատգամավոր։
Ազարյանի պաշտոնական կենսագրության մեջ լրագրության կամ լրատվամիջոցներում աշխատանքի փորձ նշված չէ։



















