Հայտնի ուժերը սկսել են արշավը իրավապաշտպանների դեմ և իրենց կողմից ֆինանսավորվող թերթերով ատելություն են քարոզում․ Ժաննա Ալեքսանյան

«Հայտնի ուժերը սկսել են արշավը իրավապաշտպանների դեմ և իրենց կողմից ֆինանսավորվող թերթերով ատելություն են քարոզում: News.am՝ Armenika Kiviryan և Yerevan.Today` Sevak Hakobyan, կայքերը տեղադրել են իմ լուսանկարը այսօրվա Հայաստանի թշնամի Էրդողանի կողքին»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Ատելության ավելի վառ օրինակ դժվար է բերել: Հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը: Պատճառն ինձ հայտնի չէ, բայց ենթադրում եմ, որ իրենց հովանավոր տերերը իրավապաշտպանների աջակցությունը չեն ստացել, չեն ստանում և չեն ստանա ևամեն մի խոսք հնչած կարծիք ատելության նոր ժայթքումներ է առաջացնում:

Ինձ համալրել են սորոսականների շարքերը, չնայած որ մեզ Սորոսը չի ֆինանսավորում: Ուզում եմ մի հարց տալ.կարող էր, արդյոք, Սորոսը այդքան վնաս հասցնել այս երկրին, ինչքան ձեր տերերը՝ թալանել երկիրն ու բանակը, որ այսօր, այս օրհասական պահին ունենանք հազարավոր զոհեր, զենքի պակաս, նվաստացնել ժողովրդին ու նետել երկրից դուրս և այս ֆոնին իրենց կարգել հերոսներ:

Եվ ամենասարսափելին այն է, որ պատերազմական այս ծանր օրերին շարունակվում է քինախնդրությունն ու անհանդուրժողականությունը սեփական քաղաքացիների նկատմամբ բոլորին հայտնի ձեռագրով՝ խորհրդանիշ դարձնելով Էրդողանին»: