«Wizz Air» ավիաընկերությունը Երևանից երեք նոր ուղղություն է գործարկելու՝ դեպի Բազել, Վալենսիա և Վառնա։ Այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
Ըստ հաղորդագրության՝ Բազել–Երևան–Բազել չվերթերը կմեկնարկեն դեկտեմբերի 18-ից և կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Վալենսիա–Երևան–Վալենսիա չվերթերը՝ դեկտեմբերի 19-ից՝ երեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ Վառնա–Երևան–Վառնա ուղղությամբ թռիչքները նախատեսված են 2027 թվականի հունիսի 6-ից՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։
Միաժամանակ «Wizz Air»-ը նախատեսում է ընդլայնել իր բազան Երևանում․ այս տարվա հոկտեմբերին «Զվարթնոցում» կբազավորվի ընկերության երրորդ, իսկ դեկտեմբերին՝ չորրորդ օդանավը։
Հատկանշական է, որ ավելի վաղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր չվերթների մեկնարկի համար այլ ժամկետ էր նշել՝ հոկտեմբերը։
Ավիաընկերությունը նաև ավելացնելու է արդեն գործող որոշ ուղղություններով չվերթերի հաճախականությունը․ դեպի Մեմինգեն թռիչքները կհասնեն շաբաթական 4-ի, իսկ դեպի Պրահա՝ շաբաթական 5-ի։
Նոր ուղղությունների գործարկումից հետո «Wizz Air»-ի երթուղային ցանցը Երևանից կընդլայնվի մինչև 22 ուղղություն։



















